Փակ դռներ՝ ԶԼՄ-ների համար. տեղեկատվության ազատության երաշխիքները պետք է ապահովվեն օրենքով

Նախկին կառավարությունը Սերժ Սարգսյանի վարչապետությանը պատրաստվելիս փետրվարի 1-ին հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Լրատվամիջոցներին օրենսդրական փոփոխությունների միջոցով կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու նախաձեռնությունը հաջողեց, և ԱԺ-ում մարտի 23-ին ընդունվեց։ Այսպիսով՝ ըստ օրենքի, կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ, նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել նիստերում ընդգրկված որեւէ հարցի մասին։

 

Մինչ օրենքի ընդունումը, կառավարությունում հավատարմագրված լրագրողները նիստերին հետևում էին շենքում հատկացված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ, իսկ նիստից հետո հնարավորություն էին ունենում հարցեր ուղղել նախարարներին։ Օրենքի ընդունումով ԶԼՄ-ների ներկայացուցիչները զրկվեցին այդ հնարավորությունից։

Այն ժամանակվա Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն օրենքի ջատագովներից էր, իր հիմնավորումներն ուներ. «Կառավարությունն իր նիստերն անցկացնում է դռնփակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջարկություններին»:  Եվ այս հիմնավորմամբ նա պնդում էր, որ տվյալ մոտեցումը կապահովի ժողովրդավարություն գործադիր իշխանության ներսում։

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը նշում է. «Ակնհայտ էր, որ սա արվում էր անձամբ Սերժ Սարգսյանի համար, անկախ Դավիթ Հարությունյանի հիմնավորումներից»:

Օրենքը, սակայն, գրեթե չծառայեց դրա հեղինակներին։ Փաստացի այն գործեց ընդամենը մեկ ամիս: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ժողովրդական ալիքի ճնշման ներքո, իսկ նոր  կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անմիջապես հայտարարեց նիստերը դռնբաց անցկացնելու մասին՝ օգտվելով նույն օրենքի այն դրույթից, որը վարչապետին նիստերը բաց անցկացնելու հնարավորություն է տալիս: Լրագրողներին սկզբում անգամ թույլատրվեց ներկա գտնվել նիստերի դահլիճում, ինչը, սակայն, երկար չտևեց: Օգոստոսի 9-ին լրագրողները կրկին փակ դռների հանդիպեցին։ Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ դա արվեց անվտանգության նկատառումներից ելնելով։

1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանն անդրադառնում է լրագրողներին տրված կարճատև հնարավորությանը. «Օձն իր պորտով, հավքն իր թևով նախկինում չէր եղել նիստերի դահլիճում, այդ հնարավորությունը տրվեց։ Հետո խոստացան, որ կապահովեն պահանջված պաշտոնյային, բայց միայն մի օր դա կատարվեց»։

«Հրապարակ»-ի լրագրող Վահե Մակարյանն ընդունում է, որ լրագրողների մուտքը նիստերի դահլիճ հաճախ խոչընդոտում էր նիստի աշխատանքները. «Նիստի բնականոն ընթացքը խաթարվում էր իհարկե, նիստերի դահլիճ գրոհելը ճիշտ չէ, դրան այլընտանք՝ թող ապահովեն մաքսիմալ թափանցիկություն, հատկապես այն պաշտոնյաների, որոնք տվյալ պահին պահանջված են»։

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը նկատում է. «Դրական առաջընթացն ակնհայտ է, բայց պաշտոնյաների հետ շփումը դարձյալ սահմանափակ է։ Նոր կառավարությունը նաև հարցումներին պատասխանելիս է թերանում»։

Իսկ ինչ երաշխիք, որ նույն կերպ էլ մի օր, օրենքի տառին համապատասխան, վարչապետը չի արգելի նիստերի լուսաբանումն ուղիղ հեռարձակմամբ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում շտապում է փարատել մտահոգությունները. «Որպես իրեն (վարչապետին- հեղ.) ճանաչող եւ իր քաղաքական հայացքները իմացող մարդ՝ դա բացառում եմ. որեւէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կառավարության նիստերը չեն կարող դառնալ դռնփակ»:

Փորձագիտական հանրության գնահատմամբ, նման օրենքով, սակայն, հնարավոր չէ ապահովել կառավարության հաշվետվողականություն ու գործունեության թափանցիկություն։ Լրագրող Սոնա Հարությունյանը հիշեցնում է, որ Կառավարությունն այն վայրն է, որտեղ լրագրողներն ամենամեծ հնարավորությունն ունեն հանդիպելու բոլոր նախարարներին ու հղել հետաքրքրող հարցերը։ Tert.am-ի լրագրող Լիանա Առաքելյանը հավելում է. «Պետք է հստակ օրենքում ամրագրված լինի, որ բաց են նիստերը, որովհետև չես կարող խոսել բաց ու թափանցիկ աշխատանքի մասին ու փակել դրանք»։

Ըստ «Մաքսմոնիտոր» համակարգի տվյալների՝ գործող կառավարությունն ավելի բաց է ու մատչելի նախորդի համեմատ։ Հունիս-օգոստոս ամիսների ուսումնասիրությունները՝ ստորև.

 

Ըստ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ այս օրենքը չի համապատասխանում այն իրողություններին, այն գործընթացներին, որում մենք ապրում ենք: «Նման սահմանափակումը փաստորեն կտրում է կառավարող էլիտայի կապը ժողովրդի հետ, մեկ անգամ եւս պատնեշավորում է, եւ հետեւաբար, հետադարձ կապի սկզբունքը չի գործում, նախարարներն ավելի լավ չեն պատրաստվում այս կամ այն հարցի քննարկմանը, իրենց թույլ են տալիս ազատ դրսեւորումներ, որովհետեւ հետադարձ կապը չկա, եւ հանրությունը չի կարող գնահատել նրանց գործողությունները»:

Այնուամենայնիվ, նոր իշխանությունը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունը ժամանակի հարց է, իսկ օրենքն ընդունած նախկին խորհրդարանական մեծամասնությունը դա սկզբունքային չի համարում։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը խոստովանում է՝ չի մտածել օրենքի փոփոխության մասին. «Կարծում եմ՝ կառավարությունը ունի գերակայություն այս տեսակետից՝ հասկանալու, թե որն է իր համար նախընտրելի գործելաոճը: Եվ եթե մեր կառավարության օրոք որդեգրվել է մի ռազմավարություն, ապա նոր կառավարության օրոք կարող է որդեգրվել այլ ռազմավարություն: … Այսինքն, նիստերի բաց կամ փակ լինելու հարցը, երբ բերում ես դետալների, այդքան ճակատագրական չի լինում։ Սա քաղաքական որոշման հարց է, նույն կերպ կան չքննարկվող հարցեր, որոնք ի վերջո չեն հրապարակայնացվում թե այս, թե այն կառավարության կողմից»:

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի համոզմամբ՝ գործող կառավարությունը պատմության մեջ կմնա որպես ամենաթափանցիկն ու ամենահաշվետուն, բայց, այնուամենայնիվ, օրենքը փոփոխման կարիք ունի. «Միշտ պետք է հաշվի առնել, որ կառավարությունները կարող են փոխվել, և տեղեկատվության ազատության համար երաշխիքները պետք է ապահովված լինեն օրենքով՝ բոլոր ժամանակների համար։ Կարծում եմ՝ արդեն նոր խորհրդարանում այս հարցը կբարձրաձայնվի»։

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Դիտեք նաև տեսանյութը

 

Share