Թավշյա հեղափոխությանը նպաստել է նաև համացանցի ազատությունը. azatutyun.am

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականը վկայում է, որ Հայաստանում լուրջ առաջընթաց կա:

Մելիքյանի համար սպասելի էր, որ «Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցում Հայաստանն էապես բարելավելու է դիրքերն ու «մասամբ ազատ» երկրների շարքից տեղափոխվելու է «ազատների» շարքը։

Մասնագետի գնահատմամբ՝ այս փաստը ոչ միայն ուրախալի է, այլև ուղիղ համեմատական է ժողովրդավարության չափանիշներին․ – «Ամբողջ աշխարհը համենայն դեպս առայժմ հրապուրված է հայաստանյան թավշյա հեղափոխությամբ, և, բնականաբար, դա ազդեց նաև գնահատականների վրա»:

Ազատ համացանց ունեցող երկրի շարքում այս տարի Հայաստանը հայտնվեց թավշյա հեղափոխության շնորհիվ։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի պարագայում բարելավումն ուղղակիորեն կապված է այդ իրադարձության հետ, քանի որ քաղաքացիները հեղափոխություն են կատարել՝ ակտիվորեն կիրառելով սոցիալական ցանցերի մեդիա հարթակները, հաղորդակցության հավելվածները և ուղիղ հեռարձակումները:

«Բնակչությունը ամբողջ երկրի կա՛մ դրսում էր, կա՛մ մոնիտորների մոտ հետևում էր այդ ուղիղ հեռարձակումներին», – փաստեց Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի դիտարկմամբ՝ թե՛ ապրիլ-մայիս ամիսներին, թե՛ դրանից հետո առցանց մեդիան պահպանում է իր դերն ու կարևորությունը՝ այս հարթակում աշխատելով առանց ճնշումների ու սահմանափակումների: Նրա կարծիքով, ոչ պակաս կարևոր է նաև ձեռք բերածը պահելը, որ միջազգային կառույցների հաջորդ զեկույցներում Հայաստանը կրկին նահանջ չգրանցի․ – «Եթե մենք տեսնենք, որ ինտերնետ տարածքը մեզանում ազատ չէ, դա նշանակում է, որ ժողովրդավարությունը նույնպես ինչ-որ սպառնալիքների, ինչ-որ բարդությունների առջև է կանգնել: Եվ համոզված եմ, որ թավշյա հեղափոխության լիդերները հոգ կտանեն, որպեսզի այս առումով Հայաստանն իր դիրքերը չզիջի»:

azatutyun.am

Share