Հետաքննությո՞ւն, թե՞ սադրանք. իրավաչա՞փ է Իոաննիսյանի լրագրողի դեմ գործ հարուցելը. araratnews.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, սակայն ոչ թե տնօրենի, այլ  ՀԿ-ի անդամի դեմ՝ նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով: Սա զարմացրել է Դանիել Իոաննիսյանին, որը տեղի ունեցածը համարել է շոկային:

Araratnews.am-ը խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ (ԽԱՊԿ) Աշոտ Մելիքյանին հարցրեց՝ քրեական գործի հարուցումը լրագրողի դեմ որքանո՞վ է հիմնավորված: «Մեր իրավապահները  հաճախ կարևորն անկարևորից չեն տարբերում: Ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել ու հանրային նշանակություն ունենալ, քան ընտրությունները:  Լրագրողը կամ հասարակական կազմակերպությունը որոշ պրովոկացիայի է դիմում, որն ընդունելի է  հանրային կարևորագույն տեղեկություններ ստանալու եւ հրապարակելու համար: Կարելի է անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպեր հիշել,  ըստ որոնց՝ լրագրողի գործունեության մեջ թույլատրելի են որոշ սադրանքներ»,- ասաց ԽԱՊԿ նախագահը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից ոմանք գրեցին, որ Ռաֆայել Աֆրիկյանի արածը շանտաժ է, եւ, ըստ էության, գործ ունենք ծառայամիտ մարդու տեսակի հետ, որը կրթական կենտրոն է ղեկավարում:  Օգտատերերը հիշեցնում էին, որ եթե նախկինում՝ ՀՀԿ-ի օրոք, ուսուցիչներին ընտրական գործընթացում ներգրավելը համատարած էր, այսօր այդպիսի բան չկա: Արդյոք համամի՞տ է այս տեսակետին  Աշոտ Մելիքյանը:

ԽԱՊԿ նախագահը հիշեցնում է՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 2017-ին զանգահարել էր մոտավորապես 60 ուսուցչի եւ ընտրությունների հետ կապված կարևոր տեղեկություն ճշտել՝ մարդիկ իրենց կամքո՞վ են մասնակցում 2017-ի ԱԺ ընտրություններին, թե՞ ուղղորդմամբ կամ ճնշմամբ: Ինչ վերաբերում է Հրազդանի դպրոցի տնօրենի դեպքին, Աշոտ  Մելիքյանի խոսքով՝ խոսքը գիտակից մարդու մասին է, որը պետք է հասկանա՝ ում եւ ինչ է ասում: «Դուք համոզվա՞ծ եք, որ  դպրոցի տնօրենն իրեն ստրկամիտ է համարում: Պետք է այդ մարդուն հարցնել՝ ինքն իրեն ինչպիսի՞ն է համարում: Իսկ միգուցե շատ անկեղծ է եղել եւ ասել է այն, ինչ իրականում կա»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ո՞րն է լրագրողական հետաքննության եւ շանտաժի սահմանագիծը, արդյոք չկա՞ մտավախություն, որ ցանկացած մեկը նախընտրական շրջանում որեւէ մեկին թիրախավորելու համար զանգահարի ինչ-որ մեկին եւ հետո այդ տեղեկությունը հրապարակի: «Տվյալ պարագայում լրագրողին հետաքրքրել է՝ երբ մարդիկ գնում են ինչ-որ միջոցառման, նրանք հոժարակա՞մ են դա անում, թե՞ իրենց վրա ճնշում է գործադրվում: Սա ընտրական գործընթացում շատ կարևոր հարց է: Շանտաժ ես չեմ տեսնում: Եթե ինչ-որ մեկն այս մեթոդով հանրային կարևոր տեղեկություն կստանա եւ հրապարակի, դա շատ կարևոր քայլ է, որ ընտրական գործընթացը մեզանում մաքրվի»,- ասաց ԽԱՊԿ նախագահը:

araratnews.am

Share