Ազնիվ խաղի կանոններ՝ մեդիալսարանի համար

2003 թվականին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ  օրենքը մինչ օրս կարծես թե ոչ մի լրատվամիջոցի չի խանգարել աշխատել։ Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ դա ցուցիչ է՝ գնահատելու որևէ օրենք։ Սակայն արդյո՞ք օրենսդրորեն պաշտպանվում է սպառողի իրավունքը՝ իմանալու, թե ինչ շահեր է սպասարկում այս կամ այն  լրատվամիջոցը:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքը մի քանի բաց ունի, որոնցից օգտվում է հատկապես առցանց մեդիան։ Առաջին. 11-րդ հոդվածով նախատեսված՝ ելքային տվյալներ (հասցե, հեռախոս, իրավաբանական անձի, թողարկման պատասխանատուի անունը և այլն) հրապարակելու պահանջը տարածվում է «նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցների» և հեռարձակողների վրա։ 
Ի սկզբանե «նյութական կրիչ» ընդհանուր ձևակերպումը նախևառաջ վերաբերել է ավանդական ԶԼՄ-ներին։ 2003-ին առցանց մեդիան դեռևս զարգացած չէր, և մինչ օրս էլ այդ դրույթները որպես կանոն չի կիրառում: Մինչդեռ, ըստ փորձագետների, տարբերություն չկա, թե նյութական կրիչն ինչ տեսք ունի։

«Առցանց հարթակը նույն լրատվամիջոցն է, պարզապես կրիչն է փոխվել,- պարզաբանում է մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:- Երբ կայքերի բովանդակության հետ մի խնդիր է լինում, անգամ հասցեն հաճախ չես գտնում, որպեսզի պարզաբանում ներկայացնես, կամ անհայտ է լինում իրավաբանական անձը, որի դեմ կարելի է  քաղհայց ներկայացնել։ Լրագրողական մի քանի կազմակերպություններ տարիներ շարունակ ասում են, որ 11-րդ այս խնդրահարույց հոդվածում փոփոխությունների կարիք կա։ Պետք է ոչ թե ստիպել, այլ պայման դնել լրատվամիջոցի առաջ՝ եթե ուզում ես հավատարմագրել քո լրագրողին, որպեսզի նա պաշտպանված լինի, ուրեմն թողարկման տվյալներդ ներկայացրու, եթե ոչ՝ չենք հավատարմագրում»։

Ըստ միջազգային ALEXA վարկանիշային համակարգի՝ առաջին 45 հայկական լրատվական կայքերից միայն 3-ում են առկա ամբողջական ելքային տվյալներ։ 37 կայքում բացակայում են տարբեր անհրաժեշտ տեղեկություններ։ 2 կայքում նշված է միայն էլեկտրոնային հասցե, 1-ում՝ պարզապես հասցե և  2 կայքում ընդհանրապես ոչ մի ելքային տվյալ չկա։

Ի դեպ, հիմնադրի անվանում չկա 45 կայքից 35-ում։

Այսպիսով՝ կայքերի հիմնադիրները որպես կանոն խուսափում են լսարանին տրամադրել իրենց հարթակին վերաբերող ամբողջական ելքային տվյալներ։

Իսկ ինչ աղբյուրներից են գոյանում լրատվամիջոցների ֆինանսական միջոցները։ Հարցն առօրեական է հատկապես հիմա, երբ մեդիադաշտը վերադասավորվում է ըստ քաղաքական ու ֆինանսական ճամբարների։ Ժամանակին այս հարցի շուրջ բուռն բանավեճեր են տեղի ունեցել ոլորտի  մասնագետների միջև, թե ինչու պետք է ԶԼՄ-ն  բացահայտի իր ֆինանսական աղբյուրները, և օրենքի վրա աշխատողները 12-րդ հոդվածում հետևյալ ձևակերպումն են գտել. «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը»։

Այսօր արդեն Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ օրենքում շատ մեղմ պահանջ է ներկայացվել. «Գուցե պետք է ֆինանսական աղբյուրների թափանցիկության համար առավել խիստ ձևակերպումներ գտնել։ Եթե ֆինանսավորման աղբյուրները թափանցիկ են, սպառողը հասկանում է, թե ինչ շահեր կան: Եթե գրված է, որ որևէ լրատվամիջոցի ամբողջությամբ ֆինանսավորում է այս կամ այն օլիգարխիկ կառույցը, ապա պարզ է, որ նա սպասարկում է այդ կառույցի շահերը: Ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը նաեւ սպառողի առջեւ ազնիվ խաղի կանոններից մեկն է»։

Ըստ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Արամ Աբրահամյանի, մեր ընթերցողները բավականաչափ զարգացած են, որպեսզի տարբերակեն՝ ով է պատվեր կատարում, ով՝ ոչ. «Ցանկացած տաքսու վարորդ դա կարող է  բացատրել։ Ավելին՝ եթե նույնիսկ հայտնի է, որ սեփականատերը կամ հովանավորողը Պողոսը կամ Պետրոսն է, ի՞նչ երաշխիք, որ դա Կիրակոսը չէ։ Ընթերցողի համար սեփականատերը պետք է պարզ լինի, իսկ ֆինանսավորողի ով լինելը կարող է ֆորմալ բնույթ կրել. պատվեր կատարելու, անկախ լինելու հանգամանքն ընթերցողը կամ ընդունում է կամ ոչ։ Ֆինանսական ռեսուրսներն ընթերցողի համար այդքան էլ կարևոր չեն՝ ես իմ տատիկի՞ց եմ ժառանգություն ստացել գումարը, որով թերթը պահում եմ, պատվե՞ր եմ կատարում, թե ոչ՝ իմ ընտրությունն է»։

Լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանը կարևոր է համարում, որ ընթերցողի համար հասկանալի լինի՝ որտեղից է փչում քամին, երբ խոսում է լրատվամիջոցը. «ԶԼՄ-ն, որն արդեն ասպարեզում է՝ լինի ինտերնետային, թե թերթային, պետք է հանդես գա հաշվետվությամբ. դա  կողմնորոշում է  ընթերցողին»։ Ավելին՝ ըստ Մհեր Արշակյանի, պատասխանատվության մեխանիզմներ են պետք՝ հաշվետվություն չներկայացնողների համար, միայն թե դա չընկալվի իբրև հետապնդում. «Առանց դագանակի սպառնալիքի ոչ մեկը կարիք չունի լինելու թափանցիկ, հետևաբար պետք է լինի պատասխանատվության մեխանիզմ։ Լրատվամիջոցը պետք է հասկանա, որ հաշվետվություն չներկայացնելն իր ազատության մասին չի խոսում, այլ՝ անպատասխանատվության»։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե լրատվամիջոցը ինչ աղբյուրից է սնվում եւ ըստ այդմ որոշի՝ վստահի՞ նրան թե ոչ: Օրինակ՝ մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ սեփականատերը չի կարող ունենալ ավելի քան մեկ հեռուստատեսություն եւ մեկ ռադիո, բայց ստուգման մեխանիզմներ չկան. «Նույն անձը կարող է մի քանի ՍՊԸ ստեղծել, եւ մենք ունենք այդ պրակտիկան՝ նույն հոլդինգի մեջ տարբեր ՍՊԸ-ներ են, եւ սեփականատերերը նույն ֆիզիկական անձինք են, եւ օրենքը փաստորեն խախտվում է»:

Մեդիափորձագետները շարունակում են քննարկումները ԶԼՄ-ների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության օրենսդրական կարգավորումների շուրջ։ Նրանց առաջարկություններն ավարտուն տեսք ստանալուն պես կներկայացվեն խորհրդարան։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

 

Share