2009 թ․ դեկտեմբերից ԽԱՊԿ-ն Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականցնում է Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի հետազոտության եւ տեղեկատվական ոլորտում հանրային շահերի պաշտպանության ծրագիր:
2009 թ․ նոյեմբերից ԽԱՊԿ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականցնում է մարզային ռադիոկայանների աշխատակիցների ուսուցում (տրենինգ) նախատեսող ծրագիր: Դրա նպատակ տեղական ռադիոկայաններում արդիական հասարակական-քաղաքական հաղորդումներ պատրաստելն ու հեռարձակելն է: Ծրագիրն իրականացվում է Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում:
2009 թ․ սեպտեմբեր – հոկտեմբերին ԽԱՊԿ-ն ԲՀԻ ՕՀ հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրեց խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության զարգացման վերլուծության եւ գնահատման արտասահմանյան փորձի ուսումնասիրության կարճաժամկետ ծրագիր, որից հետո նախապատրաստեց այդ փորձի կիրառմամբ Հայաստանի տեղեկատվական ոլորտում հասարակական շահերի պաշտպանությանը միտված ծրագիր:
2009 թ․ հունիսից սեպտեմբեր ԽԱՊԿ-ն Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրեց Հայաստանում Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ծրագրերի մոնիտորինգ: Դրա հիման վրա ներկայացվեց հաշվետվություն, որը ներառնվեց «Արեւելյան գործընկերության» անդամ 5 երկրների (Ադրբեջան, Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա) մասին միասնական զեկույցի մեջ:
2006-2009 թթ․ ԽԱՊԿ-ն Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացրեց «Հասարակական շահերի պաշտպանություն՝ տարածաշրջանային ԶԼՄ-ների եւ ժուռնալիստական կազմակերպությունների գործունեության ուժեղացման միջոցով» եռամյա ծրագիրը: Ծրագրի շրջանալկներում ԽԱՊԿ փորձագետները ուսումնասիրում էին տարածաշրջանային ԶԼՄ-ների գործունեությունը, դրա արդյունքներով՝ մշակում խորհուրդներ եւ առաջարկություններ, մարզերում կազմակերպում էին «կլոր սեղան» – ներ՝ մարզային ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ: Քննարկվում էին խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության հրատապ խնդիրներ: Ծրագրի իրականացման առաջին երկու տարում նաեւ տեղական հեռուստաալիքներով կազմակերպվում էին նույն թեմաներով հաղորդումներ: Ծրագրի շրջանակներում նաեւ կատարվել է սոցիոլոգիական հետազոտություն՝ մարզային ԶԼՄ-ների լսարանի տեղեկատվական պահանջմունքները պարզելու նպատակով, ինչպես նաեւ՝ մարզերում եւ մայրաքաղաքում ԶԼՄ-ների եւ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում փորձագիտական հարցում։ Մոնիտորինգի եւ սոցիոլոգիական ու փորձագիտական հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ ու համադրմամբ մշակվել են տեղական ԶԼՄ-ների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ: Ծրագրի ավարտին հրատարակվել է «ԶԼՄ-ները եւ հանրային շահերի պաշտպանությունը» ժողովածուն:
2006 թ․ փետրվարից մայիս բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ԽԱՊԿ-ն իրականացրեց «Հրատապ հասարակական-քաղաքական խնդիրների լուսաբանումը «Երկիր մեդիա»-ի եւ մարզային հեռուստաընկերությունների եթերում» ծրագիրը: Դրա նպատակը երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների եւ առաջատար հասարակական կազմակերպությունների տեսակետների եւ մոտեցումների լուսաբանումն էր, ինչպես նաեւ՝ հեռուստաեթերում տեղեկատվական ոլորտի, ամենից առաջ՝ ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության խնդիրների քննարկումը: Ծրագրի շրջանակներում պատրաստվեցին եւ «Երկիր մեդիայի» ու մարզային 10 հեռուստաընկերութուններով հեռարձակվեցին «Մամուլի ակումբ» եւ «Մամուլի ակումբ+» հեռուստահաղորդաշարերը, որոնք կարճ ժամանակում բավականին բարձր վարկանիշ ձեռք բերեցին: Հետագայում այսդ ծրագիրը շարունակեցին գործընկեր կազմակերպությունները (ԵՄԱ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ):
2006 թ․ փետրվարին ԽԱՊԿ-ն Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երեւանում կազմակերպեց «Հայաստանում տեղեկատվության ազատության օրենսդրական կարգավորումը եւ պրակտիկան» միջազգային սեմինարը, որին մասնակցեցին լրագրողներ, պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ:
2004-2005 թթ․ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կոմիտեն իրականացրեց երկու նախագիծ, որոնց նպատակն էր Հայկական երկրորդ հեռուստաալիքի (Հ2) եթերում լուսաբանել հասարակական նախաձեռնությունները եւ տարածել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության գաղափարները:
2003 թ․ մարտին ԽԱՊԿ-ն Բաքվի մամուլի ակումբի եւ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ իրականացրեց «Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ների օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին» տարածաշրջանային նախագիծը, որին աջակցում էր «Եվրասիա» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի համագործակցության ծրագիրը: 2003 թվականի օգոստոսից մինչեւ 2004 թվականի սեպտեմբեր նույն գործընկերների հետ եւ նույն դոնորի աջակցությամբ իրականացվեց տարածաշրջանի երեք երկրների ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման կատարելագործման գործընթացի սինխրոնացման եւ օրենսդրական բազան միջազգային չափանիշներին համապատասախանեցնելու մեծ ծրագիր: