ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

ՆԱԽԱԲԱՆ

2013 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Քաունթերփարթ ինթերնեշնլի աջակցությամբ, իրականացրեց ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ: Նմանատիպ հետազոտություն իրականացվել էր նաև 2012 թվականին։ Մշտադիտարկումների նպատակն է պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան` 2010 թ. մայիսի 18-ից ի վեր, երբ օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, իսկ  նույն օրն ընդունված` ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») հոդվածում եւ այդ օրենսգիրքը լրացվեց 1087.1 հոդվածով, որով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները: Օրենսդրական փոփոխությունների նպատակն էր ապաքրեականացնել վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող պատասխանատվությունը, միաժամանակ՝ ապահովել անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը այլ անձանց ոտնձգություններից։

Այս մոնիտորինգի ընթացքում ուսումնասիրվել են դատական ակտերի բովանդակային մասերը, վիճակագրական տվյալները, ինչպես նաեւ` ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թ. նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշումից և վճռաբեկ դատարանի 2012 թվականի երկու նախադեպային որոշումներից հետո գործերի քանակի դինամիկան:

Դատական ակտերի բովանդակային մասերի ուսումնասիրության նպատակներից մեկն էր՝ պարզել, թե ներպետական իրավակիրառական պրակտիկայում ինչպես են հաշվի առնվում միջազգային իրավական սկզբունքները, մասնավորապես`այն, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակի եւ անհրաժեշտ լինի տվյալ շահն ապահովելու համար:

Ընդհանուր առմամբ` դիտարկմամբ խնդիր էր դրված պարզել, թե արդյո՞ք վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ փոփոխություններն ու լրացումները ամբողջությամբ ծառայում են իրենց նպատակին: Մասնավորապես` արդյո՞ք դատարաններին հաջողվում է պահպանել արդարացի հավասարակշռություն մի կողմից` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա)10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության պաշտպանության եւ մյուս կողմից` այն անձանց հեղինակության միջեւ, ում դեմ ուղղված է արատավորող արտահայտությունը. իրավունք, որը որպես անձնական կյանքի ասպեկտ` պաշտպանվում է կոնվենցիայի 8-րդ հոդվածով:

Ապաքրեականացումից հետո՝ մինչեւ 2013 թ. դեկտեմբերի 31-ը ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վիրավորանքի եւ զպարտության հիմքերով ՀՀ դատարանների վարույթ է ընդունվել 98 քաղաքացիական հայց. 2010 թվականին հարուցվել է 17, 2011-ին` 37,  2012-ին՝ 18, 2013-ին՝ 26 գործ, որից առաջին կիսամյակում՝ 16, իսկ երկրորդում՝ 10 գործ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուսումնասիրել է ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վիրավորանքի եւ զպարտության հիմքերով այն քաղաքացիական գործերը, որոնք դատարանների տարբեր ատյաններում քննվել են ամբողջ տարվա ընթացքում՝ 2013 թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Դիտարկումը ներառել է 53 դատական գործ (նախորդ տարիններին սկսված, դեռ շարունակվող՝ 27, 2013 թվականին սկսված՝ 26), որոնցում, որպես կանոն, լրատվամիջոցները հանդես են եկել որպես պատասխանող կամ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ: Դիտարկված 53 դատական գործերի ընթացքի ընդհանուր պատկերը հետևյալն է.

  • 2010-2012 թվականներին սկսված եւ 2013 թվականին ամբողջությամբ ավարտված գործերի թիվը՝ 22,
  • 2010-2012 թվականներին սկսված դատական գործեր, որոնց վերաբերյալ կա գոնե մեկ ըստ էության դատական ակտ՝ 4, որոնցից վերլուծվել են 3-ը, 1 գործ չի վերլուծվել, քանի որ այն բեկանված է և 2013 թվականի ընթացքում վեճը ըստ էության լուծող դատական ակտ չի ընդունվել,
  • 2010-2012 թվականներին սկսված, դեռ շարունակվող դատական գործեր, որոնց վերաբերյալ ոչ մի դատական ակտ չկա՝ 1 (կասեցված),
  • 2013 թվականին հարուցված գործերի ընդհանուր թիվը՝ 26, որոնցից 4-ը    ավարտված է ամբողջությամբ, 8-ի վերաբերյալ առկա է մեկ և ավելի դատական ակտ, 14 գործ շարունակվում է, և որևէ դատական ակտ դեռ չի կայացվել։

Մշտադիտակման ընթացքում ուսումնասիրված 53 դատական գործից 37-ի վերաբերյալ դատարանները հրապարակել են 1 կամ ավելի դատական ակտ, եւ հենց այդ 37 գործն էլ դարձել է ԽԱՊԿ փորձագետների վերլուծության առարկան։ Վերլուծված գործերից  28-ում զանգվածային լրատվության միջոցները հանդես են եկել որպես պատասխանող, իսկ 9 գործում՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։

Դատական գործերի վերլուծությունը կատարվել է միասնական մոտեցմամբ, ըստ դատական գործընթացում ծագած խնդիրների։ Մասնավորապես՝ ուսումնասիրվել են.

  • տեղեկատվության արատավորող բնույթը,
  • փաստերը եւ գնահատող դատողությունները,
  • հանրային շահը,
  • հայցային վաղեմության ժամկետը,
  • փոխհատուցման չափը,
  • հայցի ապահովման միջոցը (դատական արգելանքը),
  • դատական ծախսեր (պետական տուրքի չափ, փաստաբանի վարձատրություն և այլն),
  • դատական պրակտիկան հստակեցնող իրավական դիրքորոշումը,
  • դատարանի կողմից պատասխանողի գույքային վիճակը հաշվի առնելը,
  • լրատվամիջոցի վրա հայցապահանջում չներկայացված կամ օրենքով չսահմանված պարտականություն դնելը:

Վերոհիշյալ 37 դատական գործով դատարանները կայացրել են ըստ էության դատական ակտեր, որոնցով հայցապահանջները մերժելու կամ բավարարելու համամասնությունը հետեւյալն է. 10 գործով հայցապահանջները բավարարվել են մասնակի, 19 գործով մերժվել են ամբողջությամբ, 2 գործ ավարտվել է հաշտությամբ, 5 գործով վարույթները կարճվել են` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, 1 գործը թողնվել է առանց քննության: Հայցապահանջը ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռ չի կայացվել։

Ստորեւ դատական գործերի նկարագրությունն ու վերլուծությունն է` ժամանակագրական կարգով (ըստ հայցերի ներկայացման ամսաթվերի):

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ