Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2011 թ., տարեկան զեկույց

2011 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 1-ից ապրիլի 30-ը, երկրորդը՝ հուլիսի 1-ից հոկտեմբերի 15-ը:

Ընդ որում՝ մոնիտորինգն իրականացնող խմբի համար ՀՀ օրենսդրության մեջ որպես հիմնական ուղենիշ են ծառայել սահմանադրական դրույթները, որոնք երաշխավորում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից, ինչպես նաեւ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է հարաբերություններն այս ոլորտում: Տեղեկությունները, որոնք տնօրինում են պետական իշխանության մարմինները, հանրային սեփականություն են, հետեւաբար, ենթակա՝ ներկայացնելու հանրությանը, այդ թվում նաեւ՝ ինտերնետային կայքերի միջոցով: Այդ կայքերը երկրի քաղաքացիների համար պետք է ծառայեն՝ որպես իշխանական կառույցների գործունեության մասին ամբողջական տեղեկատվության աղբյուր: Ստորեւ ներկայացվող մոնիտորինգի արդյունքները տեսանելի են դարձնում, թե վերջիններիս որքանով է հաջողվում լուծել այս խնդիրը:

Միասնական մեթոդաբանությամբ (տե´ս սույն զեկույցի համապատասխան բաժնում) ուսումնասիրվել են պետական մարմինների 38 կայքեր, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ  կառավարությանն առընթեր մարմինների 23 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում (այսուհետ՝ մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության կայքերը:

Այս բոլոր կայքերի գնահատման չափանիշներ դարձան հրապարակված տեղեկությունների քանակական եւ որակական բնութագրիչները՝ մասնավորապես.

  • պահանջված տեղեկության առկայությունը / բացակայությունը,
  • տեղեկության ամբողջականությունը,
  • hրատապությունը (օպերատիվությունը),
  • մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):

Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, այնուհետեւ՝ վերջնական կշռի գործակիցը, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Այս գործակցի նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշը:

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն