Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը (1-ին փուլ, փետրվար-ապրիլ, 2011 թ.)

Պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալներով

Հակիրճ ամփոփում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թ. փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից: Տեղեկությունները, որոնք տնօրինում են պետական իշխանության մարմինները, հանրային սեփականություն են, հետեւաբար ենթակա՝ ներկայացնելու հանրությանը, այդ թվում նաեւ՝ ինտերնետային կայքերի միջոցով: Այդ կայքերը երկրի քաղաքացիների համար պետք է ծառայեն՝ որպես իշխանական կառույցների գործունեության մասին ամբողջական տեղեկատվության աղբյուր: Ստորեւ ներկայացվող մոնիտորինգի արդյունքները տեսանելի են դարձնում, թե վերջիններիս որքանով է հաջողվում լուծել այս խնդիրը:

Միասնական մեթոդաբանությամբ (տե´ս սույն զեկույցի համապատասխան բաժնում) ուսումնասիրվել են պետական մարմինների 39 կայքեր, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ  կառավարությանն առընթեր մարմինների 24 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում (այսուհետ՝ մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության կայքերը:

Այս բոլոր կայքերի գնահատման չափորոշիչներ դարձան հրապարակված տեղեկությունների քանակական եւ որակական բնութագրիչները՝ մասնավորապես.

  • պահանջված տեղեկության առկայությունը / բացակայությունը,
  • տեղեկության ամբողջականությունը,
  • hրատապությունը (օպերատիվությունը),
  • մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):

Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, այնուհետեւ՝ վերջնական կշռի գործակիցը, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Այս գործակցի նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշը:

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն