Հայաստանի տնտեսական եւ սոցիալական խնդիրները Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերի դիտարկում (մոնիտորինգ)։ Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե այդ փաստաթղթերում ինչ մաս են կազմում երկրի տնտեսական ու սոցիալական խնդիրները եւ դրանց ինչ լուծումներ են առաջարկվում։ Այդ թեմաներին վերաբերող հատվածները, որպես դիտարկման առարկա, առանձնացվել են ընդհանուր տեքստից եւ ենթարկվել են քանակական եւ որակական վերլուծության։

Ըստ դիտարկման մեթոդաբանության՝ տնտեսական հարցերը բաժանվել են հետեւյալ 3 կատեգորիաների.

–         էկոնոմիկա. արդյունաբերություն/գյուղատնտեսություն/տուրիզմ/ՏՏ ոլորտ եւ այլն (ընթացիկ քաղաքականություն եւ ներկա իրավիճակ),

–         ՀՀ տնտեսական ռազմավարությունը (տեսլականը),

–         արտաքին տնտեսական կապեր (ԵԱՏՄ/Ռուսաստան, ԵՄ, Վրաստան, Իրան)։

Սոցիալական թեմաները բաժանվել են հետեւյալ 4 կատեգորիաների.

–         զբաղվածություն/գործազրկություն,

–         աշխատանքային իրավունքներ,

–         առողջապահություն,

–         կենսաթոշակային համակարգ/սոցիալական նպաստներ/ավանդների վերադարձ/խոցելի խմբերի օժանդակություն։

Քանակական վերլուծություն իրականացնելիս դիտարկողները վեր են հանել, թե յուրաքանչյուր նախընտրական ծրագրում որքան տեղ է տրվել տնտեսական եւ սոցիալական թեմաներին։ Ընդհանուր տեքստն ու առանձին այդ մասերը չափվել են նիշերի քանակով, որոնք վերածվել են էջերի (1800 նիշը = 1 էջի), ինչպես նաեւ՝ տոկոսների՝ դրանց հարաբերակցությունը առավել ակնառու ներկայացնելու համար։

Արծարծված տնտեսական եւ սոցիալական հարցերի որակական վերլուծությունը մոնիտորինգային խումբն իրականացրել է հետեւյալ չափորոշիչներով.

–         ներկա իրավիճակի ընդհանուր գնահատականը,

–         վերհանվող խնդիրները,

–         առաջարկությունների առկայությունն ու դրանց բովանդակությունը։

Տնտեսական ու սոցիալական խնդիրներին վերաբերող հատվածների ուսումնասիրությունից զատ դիտարկման ընթացքում արձանագրվել են նաև բոլոր այն թեմաները, որոնց յուրաքանչյուր քաղաքական ուժ անդրադարձել է իր նախընտրական ծրագրում։ Սակայն համաձայն մեթոդաբանության՝ այդ թեմաները չեն վերլուծվել եւ ներկայացվում են ցանկի տեսքով։

Դիտարկման քանակական տվյալներն արտացոլող աղյուսակներում, ինչպես նաեւ ծրագրերի բովանդակությանը վերաբերող մասում, քաղաքական ուժերի հերթականությունը համապատասխանեցրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս. թ. փետրվարի 17-ին հրապարակած ցուցակին, այն է՝ «Ելք» կուսակցությունների դաշինք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն։

Կարդալ ավելին

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկայի տեսքով այստեղ

Share