Քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների եւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերաբերյալ ասուլիսների լուսաբանումը համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններում

2015 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 27-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների եւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերաբերյալ քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանման դիտարկում (մոնիտորինգ): Հետազոտությունը բաղկացած էր երկու փուլից. առաջինն իրականացվեց քարոզչության ժամանակաշրջանում՝ հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը, երկրորդը՝ հանրաքվեից  հետո՝ դեկտեմբերի 7-ից 27-ը:

Դիտարկումը  նպատակ ուներ. ա) վեր հանել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեի քարոզչության ժամանակաշրջանում, ինչպես նաեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո զանազան քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական գործիչների (փորձագետների, վերլուծաբանների եւ այլն) մամուլի ասուլիսների նկատմամբ համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների հետաքրքրության/ուշադրության մակարդակը, բ) ուսումնասիրել եւ գնահատել անմիջականորեն եթերում այդ մամուլի ասուլիսների լուսաբանման համարժեքությունն ու անկողմնակալությունը:

Ըստ մեթոդաբանության, դիտարկման խմբի անդամները, այցելելով մայրաքաղաքային մամուլի ակումբներ, արձանագրում էին տվյալ ասուլիսում հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի ներկայությունը: Այնուհետեւ, ուսումնասիրվում էր այդ հեռուստաընկերության լրատվական ծրագրի հիմնական (երեկոյան) թողարկման մեջ հետազոտված մամուլի ասուլիսից նյութերի առկայությունը կամ բացակայությունը: Առկայության դեպքում, հատուկ մշակված ձեւաթղթով, արձանագրվում էր նաեւ լուսաբանման ձեւը. գլխավոր գործող անձանց տեսալսողական սինխրոն մեջբերումներով կամ առանց դրանց («համր» մեջբերում, կադրից դուրս հեղինակային տեքստ), հեղինակային (կամ այլ) մեկնաբանություններով կամ առանց դրանց:

Դրա հետ մեկտեղ, վերլուծվել է սյուժեների եւ ռեպորտաժների բովանդակությունը, այսինքն՝ մամուլի ասուլիսում ելույթ ունեցողի վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին, ում տեսակետն է նա արտահայտում՝ իր (անձնական) կամ կոլեկտիվ (կուսակցության, կազմակերպության), ռեպորտաժի/սյուժեի հեղինակի վերաբերմունքը մամուլի ասուլիսում ելույթ ունեցողի դիրքորոշմանը՝ դրական (+), բացասական (-), չեզոք (0), նյութի մեջ տվյալ ասուլիսի շրջանակներից դուրս տեսագրված՝ այլ (հակառակ) կարծիքի առկայությունը կամ բացակայությունը:

Կարդալ ավելին

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկայի տեսքով այստեղ

Հարակից Հոդվածներ