Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի 2018թ. երկրորդ եռամսյակային զեկույց (ապրիլ-հունիս)

2018 թ. երկրորդ եռամսյակը Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության ժամանակահատված էր։ Ինչպես վկայում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բազմամյա դիտարկումները, երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացում՝ կապված ընտրությունների կամ որևէ ճգնաժամի հետ, զուգորդվում է լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հարձակումների, տարատեսակ ճնշումների ավելացմամբ։ Այս առումով բացառություն չէին նաև թավշյա հեղափոխության իրադարձությունները։

2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական շարժմանը՝ զանգվածային ցույցերին և երթերին ոստիկանության հակազդող գործողությունների ընթացքում հարձակումների, հետապնդումների և ճնշումների թիրախ դարձան նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Մասնավորապես, ապրիլի 11-23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք՝ 22 տուժողով։ Նույն օրերին գրանցվել է նաև լրագրողական գործունեության խոչընդոտումների 8 դեպք։

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքների խախտումներ տեղի են ունեցել նաև հեղափոխական իրադարձություններից հետո։ Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 19, տարատեսակ ճնշումների 25, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 12 փաստ։

Թավշյա հեղափոխության ժամանակահատվածում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների առնչությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր մի շարք կազմակերպությունների հետ հանդես եկավ հայտարարություններով՝ դատապարտելով բռնությունները և պահանջելով իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կազմակերպությունները ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերելու կոչ արեցին և՛ իշխանություններին, և՛ ակցիաների մասնակիցներին։

Իրավիճակին արձագանքեցին նաև միջազգային կառույցները։ Մասնավորապես՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը լրագրողների հանդեպ թիրախավորված բռնությունները որակել է իբրև «ընդունված ցավալի պրակտիկա», անդրադարձել նաև ցուցարարների կողմից Հանրային ռադիոյի շենք ներխուժելու և ուղիղ եթեր պահանջելու դեպքին։

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ՝ քաղաքական նոր պայմաններում, իրավապահ մարմինները նկատելի ակտիվություն ցուցաբերեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ բռնությունների դեպքերին արձագանքելու և մեղավորներին հայտնաբերելու գործում։ Հունիսի 30-ի դրությամբ՝ 11 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5-ում մեղադրանքներ են առաջադրվել, սակայն 3 գործ է ուղարկվել դատարան, որոնցից առայժմ 1-ի վերաբերյալ է դատավճիռ կայացվել, իսկ մեկը՝ միայն վարույթ է ընդունվել։ 2 գործ դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմիններ՝ լրացուցիչ նյութեր նախապատրաստելու, ևս 2 գործով դատախազությունում լրացուցիչ ստուգումների անհրաժեշտություն է առաջացել։

Կարդալ ամբողջը

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկայի տեսքով՝ այստեղ

Ապրիլյան իրադարձություններին առնչվող քրեական գործերն ինֆոգրաֆիկայի տեսքով՝ այստեղ

 

 

Հարակից Հոդվածներ