2016 թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

2016 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի արձանագրած՝ լրագրողների նկատմամբ բազմաթիվ բռնությունների, ճնշումների ու խոչընդոտումների փաստերը վկայում են, որ հայաստանյան ԶԼՄ-ներն ու դրանց աշխատակիցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում։ Դրա ամենացայտուն ապացույցը հուլիսի 17-ից 30-ը Երեւանի Խորենացի փողոցում ու Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններն էին։ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ դրանք աննախադեպ էին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ հատուկ միջոցներ կիրառելու առումով։

Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ԽԱՊԿ-ի տվյալներով՝ ոստիկանական գործողություններից տուժեցին 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների։ Թեեւ այդ դեպքերով հարուցված քրեական գործով 8 անձանց մեղադրանք է առաջադրվել, որոնցից 7-ը կանգնել են դատարանի առջեւ, այնուամենայնիվ, ԽԱՊԿ-ի գնահատմամբ՝ սա համարժեք չէ բռնությունների եւ ճնշումների ծավալներին։

Լրագրողների նկատմամբ ուժ կիրառելու եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստեր են գրանցվել նաեւ սեպտեմբեր-հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների լուսաբանման ընթացքում, ինչպես նաեւ այլ՝ համեմատաբար հանդարտ ժամանակահատվածներում։ Ընդհանուր առմամբ 2016-ին ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 33 խախտում։

2016 թվականին տարբեր դատարաններում վարույթ են ընդունվել ԶԼՄ-ների ու լրագրողների ներգրավվածությամբ 17 նոր դատական գործեր, որոնցից 14-ը վերաբերում են վիրավորանքին եւ զրպարտությանը, 2-ը՝ դրամաշորթությանը, եւս 1-ը՝ անմեղության կանխավարկածի խախտմանը։

2016-ին իշխանությունները հանդես եկան ԶԼՄ-ներին վերաբերող մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ըստ ԽԱՊԿ-ի եւ գործընկեր լրագրողական կազմակերպությունների՝ Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, ռեգրեսիվ բնույթի էին։ Այս առումով ամենաուշագրավը ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 65-րդ հոդվածն է, որն անհիմն սահմանափակումներ է պարունակում եւ լրատվամիջոցների գործունեության ազատությունը ապահովելու առումով ստացվել է շատ ավելի վատը, քան նախորդ օրենսգրքի համապատասխան դրույթները: Ի տարբերություն սրան, ընտրություններին վերաբերող՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից ԽԱՊԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների առաջարկությամբ հանվեցին կամ վերաձեւակերպվեցին մի քանի վտանգավոր հոդվածներ, որոնք կկաշկանդեին լրատվամիջոցների աշխատանքը։

Տարվա կարեւոր իրադարձություններից էր անալոգայինից թվային հեռարձակմանն ամբողջական անցումը, որը պաշտոնապես ավարտվեց հոկտեմբերի 26-ին։ Սակայն մոտ յոթ տարի տեւած այս գործընթացը լուրջ մարտահրավեր դարձավ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների համար, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով հայտնվեցին փակման եզրին։ Այդ հեռարձակողների խնդիրների լուծման համար ԽԱՊԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների նախաձեռնած բանակցությունները բնագավառի պատասխանատուների հետ տարեվերջի դրությամբ դեռ շարունակվում էին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Հարակից Հոդվածներ