2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Լրատվամիջոցների գործունեության միջավայրը

 2011 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստել եւ հրապարակել է երեք եռամսյակային միջանկյալ զեկույց, որոնցում ամփոփվել են տարվա համապատասխան ժամանակահատվածներում (հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր) խոսքի ազատության վիճակը երկրում եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների` ԽԱՊԿ-ի արձանագրած խախտումները:

Սույն զեկույցը վերաբերում է ամբողջ 2011 թվականին՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում տեղի ունեցած գործընթացներում ուշադրության է արժանի հետեւյալը:

Մայիսի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, ինչի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաեւ՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի առեւտրային գովազդի ծավալը՝ 10-ից հասցնելով 14 րոպեի: Ըստ էության, այս փոփոխություններով օրինականացվեց գովազդի՝ օրենքով սահմանված ծավալի փաստացի գերազանցումը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում էին համապատասխան մոնիտորինգներ անցկացնող կազմակերպությունները:

Ըստ կատարված փոփոխությունների՝ գովազդի հեռարձակումն արգելվում է վերահեռարձակող հեռուստաընկերությունների կողմից: Գովազդային արգելքը տարածվում է նաեւ Հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաալիքի վրա:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ