2011 թ. առաջին եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ

ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  եռամսյակային զեկույց

(հունվար մարտ, 2011 թ.)

 Լրատվամիջոցների գործունեության միջավայրը

 2010 թվականից սկսած՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տարեկանից զատ, ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

Առաջին եռամսյակում խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրական դաշտում տեղի ունեցած գործընթացներում ուշագրավ է Երեւանի մամուլի ակումբի եւ «Ինտերնյուս» ՀԿ-ի մշակած եւ մարտի 14-ին շրջանառության մեջ դրած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը: Նշված երկու կազմակերպություններն ընդգրկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ 2010 թ. սեպտեմբերին ստեղծված աշխատանքային խմբում: Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 21-ին ԽԱՊԿ-ն հրապարակեց իր աշխատանքային խմբի պատրաստած առաջարկները՝ այդ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Երկու փաստաթղթերն ունեն ընդհանուր մոտեցումներ, միտված են ոլորտի ազատականացմանը եւ առկա խնդիրների լուծմանը: Ուստի հնարավոր է դառնում աշխատել մեկ միասնական օրինագծի վրա եւ այն պատրաստ լինելուն պես՝ ներկայացնել  իրավասու մարմիններին:

2011 թ. առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առատությամբ: ԽԱՊԿ-ն արձանագրեց 10 դատական նոր գործ, որոնք ուղղակիորեն կապված են 2010 թվականի մայիսի 18-ին ընդունված՝ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը վերաբերող օրինագծերի փաթեթի հետ: Ընդ որում՝ եւս 3 նույնաբնույթ դատական գործեր սկսվել էին դեռեւ անցած տարի, եւ այս եռամսյակում գրանցվեցին դրանց նոր զարգացումները:

Սակայն ԶԼՄ-ների հետ ծագող խնդիրներն անպայմանորեն դատական գործընթացներով լուծելու միտումը պայմանավորված է ոչ այնքան օրենքի նոր դրույթների անկատարությամբ, որքան լրատվամիջոցներով հրապարակվող քննադատության նկատմամբ քաղաքական գործիչների եւ այլ պաշտոնյաների անհանդուրժողականությամբ: Խորհելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման օրենսդրական փոփոխությունների նախագծերի հեղինակներն իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների ներկայացուցիչներն էին: Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնողներից շատերը նույնպես իշխող կուսակցության գործիչներ են:

Կարդալ ավելին

Share
No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն