2013 թ. երկրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ

ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց

(ապրիլհունիս, 2013 թ.)

Համառոտ ամփոփում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեությանն առնչվող պայմաններին, իրադարձություններին ու խնդիրներին եւ հանրությանն է ներկայացնում եռամսյակային ու տարեկան զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցներում ներառվում են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, վերջիններիս առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ քաղաքական գործոնների եւ տնտեսական միջավայրի ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

2013 թվականի երկրորդ եռամսյակը ներառում էր Երեւանի ավագանու ընտրությունները, ուստի ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք առնչվում էին լրատվամիջոցներին եւ լրագրողներին։

ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է  ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Երեւանի ավագանու ընտրություններն այս առումով բացառություն չեղան։ Հենց այդ օրը՝ մայիսի 5-ին, արձանագրվեց 8 ճնշում, իսկ  քարոզարշավի ընթացքում՝ 1 ֆիզիկական բռնության փաստ։

Լրատվամիջոցներին վերաբերող իրավական դաշտում տեղի ունեցած իրադարձություններից ուշադրության է արժանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի ընդունումը՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Այդ փոփոխություններով 6 ամսով հետաձգվում է ՀՀ տարածքում անալոգային հեռարձակման ամբողջական դադարեցման վերջնաժամկետը՝ այն 2015 թ. հունվարի 1-ի փոխարեն նշանակելով հուլիսի 1-ին։

Ուշագրավ է նաեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ՝ տպագիր եւ առցանց ԶԼՄ-ների խմբագիրների նախաձեռնությունը, ինչի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, հաշվի առնելով լրատվամիջոցների ղեկավարների առաջարկները, օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացրին ՀՀ կառավարության քննարկմանը։ Նախագծին առնչվող հետագա գործընթացը սպասվում է սեպտեմբերին։

ԶԼՄ-ների գործունեության տնտեսական միջավայրի առնչությամբ ուշադրության է արժանի «Հրապարակ» եւ «Ժողովուրդ» թերթերի գլխավոր խմբագիրների հայտնած մտահոգությունը՝ 2012 թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ-ի ընդունած «Շրջանառության հարկի մասին» օրենքի առնչությամբ։ Նրանց գնահատմամբ՝ նոր պահանջները նոր ֆինանսական խնդիրներ են առաջացնում առանց այն էլ ծանր պայմաններում աշխատող տպագիր ԶԼՄ-ների համար։

2013 թ. երկրորդ եռամսյակում արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4  դեպք, ինչը մեկով ավելի է՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակն այս եռամսյակում հասավ 21-ի (սա 11-ով ավելի է՝ անցած տարվա նույն եռամսյակի համեմատությամբ)։ Լրագրողների գործունեության այս խմբի միջադեպերից 8-ը տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, իսկ 7-ը վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով նոր դատական գործեր են՝ ԶԼՄ-ների դեմ (այդ թվում նաեւ` որպես երրորդ անձ), մյուս 6-ն այլ բնույթի ճնշումներ են։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է 3 դեպք, ինչը յոթով պակաս է` 2012 թ. երկրորդ եռամսյակի համեմատությամբ:

Այսպիսով` 2013 թ. երկրորդ եռամսյակում ընդհանուր առմամբ նկատելիորեն ավելացել են լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները` 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ (տե՛ս համեմատական աղյուսակը, էջ 6):

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ