2011 թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է խոսքի ազատության իրավիճակի ուսումնասիրության, լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության ծրագիր։ Այս նախագծի շրջանակում կատարվել է նաեւ հետազոտություն` ուղղված լրատվամիջոցների նկատմամբ թաքնված գրաքննության դրսեւորումների բացահայտմանը եւ դրանց հակազդելու միջոցների մշակմանը։ Միաժամանակ, շարունակվել է ԽԱՊԿ աշխատանքային խմբի գործունեությունը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի բարելավմանը նպաստող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի պատրաստման եւ հեռարձակման ոլորտի, այդ թվում` անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու խնդիրների հաղթահարման հնարավորությունների ներկայացման ուղղությամբ։ Համագործակցելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ԶԼՄ-ների ցանցային ծրագրի հետ՝ կատարվել է հետազոտություն եւ պատրաստվել զեկույց` Հայաստանի տեղեկատվության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ։ Այս աշխատանքը մաս կազմեց միջազգային մեծածավալ մի նախագծի, որը ԲՀՀՀ-ի նախաձեռնությամբ իրականացվել է աշխարհի 60 երկրում։
2009 թ. դեկտեմբերից մինչեւ 2010 թ. դեկտեմբեր ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրել է Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի հետազոտության եւ տեղեկատվական ոլորտում հանրային շահերի պաշտպանության ծրագիր: «Ֆրիդոմ հաուզ» միջազգային կազմակերպության տեղայնացված մեթոդաբանությամբ կատարվել է հայկական ԶԼՄ-ների ազատության մակարդակի հետազոտություն` հաշվի առնելով լրատվամիջոցների գործունեության իրավական դաշտը, քաղաքական եւ տնտեսական պայմանները։ Միաժամանակ` ԽԱՊԿ-ն դիտարկել է ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների դեպքերը եւ պատրաստել եռամսյակային զեկույցներ։ Բացի այս, ծրագրի շրջանակում կազմավորվել է հատուկ աշխատանքային խումբ` ուսումնասիրելու երկրում անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը։ Փորձագետների խումբը պատրաստել եւ հրապարակել է զեկույց, որը պարունակում էր առաջարկությունների փաթեթ` նպատակաուղղված թվայնացման հետ կապված իրավական, տեխնիկական եւ սոցիալական խնդիրների լուծմանը։