2015 թ. փետրվարից մինչեւ հուլիս, ինչպես նաև 2014 թ. ապրիլից մինչև հոկտեմբեր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացրել է երկու ծրագիր՝ ուղղված Հայաստանի՝ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի օպտիմալացման եւ բարենպաստ տեխնիկական, օրենսդրական եւ սոցիալական պայմաններ ստեղծելուն։ ԽԱՊԿ-ի աշխատանքային խումբը պատրաստել եւ խորհրդարան է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթ, մշակվել են առաջարկություններ՝ թվայնացման հետ կապված տեխնիկական եւ սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ։ Ծրագրերի շրջանակներում իրականացվել է թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի դիտարկում և ձեռք բերված տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց։ Կազմակերպվել է նաեւ տեղեկատվական արշավ՝ թվայնացման խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես, այդ նպատակով մարզային հեռուստաընկերություններում պատրաստվել եւ հեռարձակվել են հատուկ հեռուստահաղորդումներ (թոք շոուներ), իսկ մայրաքաղաքում կազմակերպվել են մամուլի ասուլիսներ: