2016 թ. մայիսից մինչեւ նոյեմբեր ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է «Թվային իրավունքի պաշտպանությունը նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տարածման պայմաններում» ծրագիրը, որի շրջանակներում անցկացվել է «կլոր սեղանների» շարք՝ քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության տարբեր խնդիրների վերաբերյալ։ Քննարկումների մասին նյութերը հրապարակվել են մի շարք ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ՝ ԽԱՊԿ-ի կայքում:
2015 թ. նոյեմբերից մինչև 2016 թ. հունվար ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է ծրագիր, որով նախատեսվում էր երկու դիտարկում (մոնիտորինգ)՝ ուղղված 2015 թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքում հեռարձակող ԶԼՄ-ների գործունեության ուսումնասիրմանը։ Դրանցից մեկը նպատակ էր հետապնդում վերլուծել քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանումը՝ համապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների եթերում։ Երկրորդը՝ հետազոտել Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը՝ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին քարոզչության համար անվճար եւ վճարովի եթերաժամանակ տրամադրելիս հավասար պայմաններ ապահովելու համար: Հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել և հրպարակվել են վերլուծական զեկույցներ։ Երկու հետազոտությունների արդյունքները քննարկվել են ամփոփիչ «կլոր սեղանին»։
2015 թ. օգոստոսից մինչև 2016 թ. հունվար ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է «2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանություն» ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեն ձեռնամուխ է եղել այդ դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքի դիտարկմանը, գործնական քայլեր է ձեռնարկել տուժած լրագրողների եւ օպերատորների շահերը պաշտպանելու համար: