2017թ. փետրվարից մինչեւ մայիս ԽԱՊԿ-ը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ իրականացրել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերի և մամուլի ասուլիսների դիտարկում։ Հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել եւ հրապարակվել է երկու վերլուծական զեկույց։ Դիտարկման արդյունքները քննարկվել են նաև ամփոփիչ «կլոր սեղանին»:
2016 թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին ԽԱՊԿ-ը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Թվային հեռարձակման համար բարենպաստ իրավական եւ սոցիալական պայմանների ձևավորում» ծրագիրը։ Դրա շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատրաստել եւ խորհրդարան է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» երկու օրինագիծ։ Զուգահեռ իրականացվել է նաև թվային հեռարձակմանն անցում կատարելու գործընթացի, ծագած խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ երկրի մարզերի բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելուն ուղղված արշավ։ Այդ նպատակով պատրաստվել է 9 հեռուստահաղորդում (թոք շոու), որոնք հեռարձակվել են տեղական հեռուստաընկերությունների եթերում: Թվայնացման խնդիրները քննարկվել են նաեւ ծրագրի ավարտին կազմակերպված «կլոր սեղանին»: