2018 թ. փետրվարից 2019-ի հունվար ԽԱՊԿ-ը «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է «Հայաստանում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների պաշտպանության զարգացում» ծրագիրը, որը նույն հիմնադրամի կողմից 2016-2017 թվականներին ֆինանսավորված՝ նույնաբովանդակ գործունեության շարունակությունն է։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության միջավայրի մշտադիտարկում, արձանագրվել ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքների խախտումների դեպքերը։ Հավաքված տվյալների հիման վրա պատրաստվել և մամուլի ասուլիսներում հանրությանը ներկայացվել են եռամսյակային և տարեկան զեկույցներ։ ԽԱՊԿ-ը նախաձեռնել է նաև ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործնական քայլեր, այդ թվում՝ դատական ատյաններում։ Որոշ գործերի դեպքում նյութերն ուղարկվել են միջազգային կառույցներ՝ Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։