Ոչ մի կառավարություն չի սիրում տեղեկատվության ազատություն

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն իր գոյության 16 տարիների ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հիշում է՝ 9 անգամ փորձ է արվել բարեփոխելու օրենքը, սակայն միշտ քաղհասարակության և կառավարության միջև քննարկումներն արդյունք չեն տվել. «Աշխարհում չկա մի երկրի կառավարություն, որը սիրում է ՏԱ մասին օրենքը։ Կառավարության համար սա միշտ գլխացավանք է, միշտ խնդիրներ է ստեղծում իր համար, հետևաբար կառավարությունները միշտ փորձելու են ավելի վատը դարձնել այս օրենքը»։

2017-ի սկզբում ՀՀ Արդարադատության նախարարությունը մշակել ու շրջանառության մեջ էր դրել ՏԱ մասին բոլորովին նոր օրենքի նախագիծ, որը բարդացնելու էր հարաբերություններն այս ոլորտում։ Նոր իշխանությունների օրոք, սակայն, այն շրջանառությունից հանվեց։ Ավելին՝ ՏԱ մասին  օրենքի նախագծի մշակումը նախատեսված չէ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

Ներկա իրավիճակում թերևս անհրաժեշտություն կա պարզապես փոքր ծավալի, բայց արդյունավետ փոփոխություններ ու լրացումներ կատարել օրենքում՝ հաշվի առնելով նոր իրողությունները, տեխնոլոգիաների զարգացումը, քաղաքացու և պաշտոնյայի միջև հաղորդակցության ժամանակակից ձևերը։

Կանադայում գործող Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն, միջազգային փորձագետ Թոբի Մենդելը կարծում է, որ Հայաստանում կայացած ժողովրդավար ընտրություններից հետո ժամանակն է մտածել ՏԱ օրենքում փոփոխությունների մասին։ Օրինակ՝ պետք է ստեղծել վարչական վերահսկում իրականացնող որևէ անկախ, մասնագիտական մարմին, ուր մարդիկ կարող են դիմել՝ բողոքարկելու տեղեկատվության մերժումները:

Ո՞րն է լինելու այդ լիազոր մարմինը, ի՞նչ կառուցվածք և գործառույթներ այն  պետք է ունենա։ Այս հարցերը փորձագիտական քննարկումների կարիք ունեն։

Օրենքում բացակայում է նաև էլեկտրոնային հարցումների իրավական կարգավորումը։ 2015 թ. Արդարադատության նախարարությունը հաստատել է մի ենթաօրենսդրական ակտ, ըստ որի՝ պետական մարմին ներկայացվող հարցումը կարող է լինել էլեկտրոնային նամակի տեսքով։ Շուշան Դոյդոյանը կարծում է, որ այս հարցին օրենսդրական ուժ պետք է տալ։ Նրա հետ համամիտ է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ փոխնախագահ Լիանա Սայադյանը, քանի որ որոշ գերատեսչություններ ավանդույթի ուժով շարունակում են հարցումները պահանջել  ոչ թե թվային, այլ իրական թղթի վրա։

Ոլորտի մասնագետների մատնանշած մյուս օրենսդրական բացթողումն առնչվում է տրամադրվող փաստաթղթերի համար նախատեսված վճարներին։ ՏԱ մասին օրենքով՝ մինչև 10 էջ տրամադրվող տեղեկատվությունն անվճար է, սակայն որոշ գերատեսչություններ գանձումներ են սահմանում՝ հղում անելով այլ օրենքների. այսինքն՝ ըստ Շուշան Դոյդոյանի, օրենքների հարմոնիզացիայի խնդիր կա։

Ի դեպ, կառավարությունը վերջերս գործարկել է էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հարցում ուղարկել բոլոր գերատեսչություններին, այլ նաև նվազեցնել այս գործընթացում քաղաքացիների և պետական մարմինների՝ այս նպատակով արվող ծախսերը, վերահսկել հարցումների պատասխանների ժամկետները, վարել վիճակագրություն: Թվային այս գործիքը օգտակար, բայց բավարար չէ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները բացառելու համար։

2016-2018 թթ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետազոտության արդյունքների համաձայն՝ ժամանակին լիարժեք պատասխաններ տրամադրելու դեպքերը լավագույն դեպքում կազմում են 57 տոկոս։ 2018-ին շեշտակի նվազել են լուռ մերժման դեպքերը։ Սակայն բազմաթիվ այլ առումներով օրենքի խախտումներն առկա են, օրինակ՝ մեծ թիվ են կազմում թերի պատասխանները։

Ըստ Լիանա Սայադյանի՝ «Պետական մարմիններին ձեռնտու չէ հետաքննական հոդվածների համար տեղեկություններ տրամադրել։ Հետևաբար՝ հաճախ ենք ստանում անհիմն մերժումներ կամ այդ պատասխանները կրում են ձևական բնույթ»։

2018թ. ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 98 փաստ: Այս թիվը 36-ով ավելի է նախորդ տարվա տվյալներից։ 

 

Սրա պատճառը ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի կարծիքով բնավ ՏԱ մասին օրենքը չէ։ Նա հիշում է նոր կառավարության գործունեության առաջին ամիսները. «Մի քանի ամսում նախորդ ամբողջ տարվա չափ դիմումներ ու նամակներ էին եկել,  պարզապես աննորմալ քանակ էր, ու քանի որ պատասխանատուները դեռ նոր էին, խնդիրներ առաջացան։ Բայց հետո, երբ իրավիճակն ավելի կայունացավ, ԶԼՄ-ների հետ զրույցում պարզեցի, որ գոնե հիմա գրեթե չկան ժամկետից ուշ պատասխան ստացող հարցումներ։ Երբեմն շահարկվում է, որ 30 օրվա ժամկետ շատ են պահանջում, փորձենք նաև դա շտկել»։

Ըստ ՏԱ օրենքի՝ պետական մարմինը գրավոր հարցման պատասխանը տրամադրում է 5-օրյա ժամկետում։ Եթե պատասխանը լրացուցիչ աշխատանք է պահանջում, ապա 5-օրյա ժամկետում դիմումատուին տեղեկացվում է այդ մասին, և պատասխանը տրամադրվում է 30-օրյա ժամկետում։

Լիանա Սայադյանը նկատում է. «Պետական մարմինների կողմից ձևավորված է այնպիսի պրակտիկա, որ անկախ հայցվող տեղեկատվության բնույթից, ծավալից, հակվածություն կա միշտ խնդրել լրացուցիչ 30-օրյա ժամկետ։ Մենք կարծում էինք, որ հետհեղափոխական շրջանում ավելի հեշտ կլինի աշխատել, բայց առանձնապես փոփոխություններ չենք տեսնում»։

Շատ հաճախ պաշտոնյաները հղում են կատարում անձնական կյանքի անձեռնմխելիությանը՝ անտեսելով հանրային հնչեղություն ունեցող հարցերի կարևորությունը։ Ինչպես Շուշան Դոյդոյանն է նշում՝ «Հիմնականում պաշտոնյան մերժում է, երբ չի ուզում, որ այդ տեղեկությունը հանրությունն իմանա»։

Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է՝
Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք, խախտում է հեղինակային իրավունքը և այլն։

Արդյո՞ք պատասխանատվության մեխանիզմները, օրինակ՝ տուգանքները, կնպաստեն գերատեսչությունների ավելի բարեխիղճ աշխատանքին։ Այս պարագայում Հովհաննես Մովսիսյանի համար անհասկանալի է՝ ո՞վ պետք է տուգանքը վճարի՝ մամուլի խոսնա՞կը, պաշտոնյա՞ն, թե՞ կառույցը։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի համոզմամբ՝ պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ չպետք է լինի. «Այս պահին հնարավոր է կիրառել կարգապահական պատասխանատվություն համապատասխան աշխատակցի նկատմամբ»։

Լիանա Սայադյանի խոսքով՝ իրենք առայժմ  գնում են դատարաններում հարցերը կարգավորելու ճանապարհով. «Դա իհարկե երկար ժամանակ է պահանջում, և տեղեկատվությունը գուցե հնանա, այնուամենայնիվ, մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք հետամուտ ենք, ու պետական մարմիններն էլ պարտավոր են կատարել իրենց պարտականությունները։ Մեր այս քայլը դաստիարակչական նշանակություն ունի, փորձը ցույց է տալիս, որ դրական արդյունք տալիս է»։

ԶԼՄ-ները սակայն միշտ չէ, որ իրենց իրավունքները պաշտպանում են դատարանում։  2018-ին ԽԱՊԿ-ի արձանագրած 98 խախտումներից 5-ի դեպքում է միայն հայց ներկայացվել դատարան։ Նույն 2018-ին հանգուցալուծված դատական գործերից 3 դեպքում ԶԼՄ-ների հայցը բավարարվել է, 2 դեպքում վարույթը կարճվել է։ ԶԼՄ-ների հայցով ևս 5 դատական գործ ընթացքի մեջ է։

Կանադացի փորձագետ Թոբի Մենդելն ասում է, որ իր երկրում 1983-ից գործող ՏԱ մասին օրենքը կարգավորումների առումով ավելի թույլ է, քան հայկականը, բայց օրենքն իրականացնելու կամքն ավելի ուժեղ է, հետևաբար՝ Կանադայում օրենսդրական պահանջներն ավելի բարձր մակարդակով են իրականացվում։ Սա է պատճառը, որ թեև այս երկրում քրեական պատասխանատվություն է նախատեսված այն պաշտոնյաների համար, որոնք չեն տրամադրի հանրային նշանակության տեղեկություն կամ կխոչընդոտեն դրա ստացմանը, սակայն 35 տարիների ընթացքում ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ