«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը lragrogh.com-ի հետ զրույցում նշել է, որ տեղի է ունենում տեղեկատվական պատերազմ, եւ այդ պատերազմում Հայաստանը թիրախ է եւ՛ ՌԴ-ի համար, եւ՛ Ադրբեջանի համար, եւ’ մի շարք այլ երկրների: Ըստ նրա` մեր հասարակությունը պետք է բավարար իմունիտետ ձեռք բերած լինի նման ապատեղեկատվության եւ ինֆորմացիոն սադրանքների հանդեպ:
Մեր զրուցակցի կարծիքով` պետք է ԶԼՄ-ները, լրագրողական կազմակերպություններն աշխատեն հասարակության մեդիա գրագիտությունը զարգացնելու ուղղությամբ:
«Իհարկե, կան դրական միտումներ: Մարդիկ փորձում են լուրը մի քանի աղբյուրներից ճշտել, բայց դա դեռ բավարար չէ, պետք է շարունակել կրթել հասարակությանը, որպեսզի կարողանա դիմադրել ինֆորմացիոն ինտերվենցիաներին: Կարծում եմ, որ մեծ նշանակություն ունի նաեւ հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պետք է օբյեկտիվ տեղեկատվությամբ հերքեն եւ զրոյացնեն նման լուրերի ազդեցությունը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ մեր ԶԼՄ-ներից ոմանք մեծ հաճույքով չարախնդում են եւ օգտագործում այդ տեղեկատվությունը, ինչը շատ մտահոգիչ է»,- ասել է Աշոտ Մելիքյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում