2024 թվականին Հայաստանում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների թիվը ընդհանուր առմամբ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։ Ֆիզիկական բռնությունների, տարբեր տեսակի ճնշումների դեպքերը տարվա տարբեր ժամանակաշրջաններում ավելացել կամ նվազել են՝ կախված երկրում ընթացող հասարակական-քաղաքական իրադարձություններից։ Թվերով պատկերը հետևյալն է․ 15 ֆիզիկական բռնության դեպք (24 տուժողով), 71 տարատեսակ այլ ճնշումներ, 122 տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։
Տարվա ընթացքում լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնություններ գրանցվել են հիմնականում երկրորդ եռամսյակում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատմանն ի պատասխան ընդդիմադիր ուժերը բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպում, և հենց այդ իրադարձությունները լուսաբանելիս լրատվամիջոցների աշխատակիցները ենթարկվել են բռնությունների, մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների ու ճնշումների։ Միայն այդ ընթացքում լրագրողների իրավունքների այդպիսի խախտումների ընդհանուր թիվը հասել է 20-ի։ Դրանցից 13-ը տեղի են ունեցել իրավապահների, 7-ը՝ բողոքի ակցիաները կազմակերպող ընդդիմադիրների կամ նրանց աջակիցների գործողությունների արդյունքում։ Այդ իրադարձություններից զատ ևս մեկ ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել Ազգային ժողովում, երբ ՊՊԾ աշխատակիցը, ուժ կիրառելով, խոչընդոտել է լրագրողի աշխատանքը։
Այս բոլոր դեպքերը, ինչպես նաև ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների թիրախավորման, նրանց նկատմամբ անհարգալից ու վիրավորական վերաբերմունքի դրսևորումները ներկայացված են սույն զեկույցում, իսկ դրանցից առավել արտառոց փաստերի առնչությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու գործընկեր կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։
Նախորդ տարվա համեմատ 2024 թվականին 7-ով ավելացել է նաև ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիվը՝ հասնելով 43-ի։ Դրանցից 17-ը ներկայացվել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից, 13-ը՝ ձեռնարկատիրական ընկերությունների և/կամ գործարարների, 3-ը՝ փաստաբանների, 1-ը՝ ՀԿ-ի, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 8-ը՝ այլ ֆիզիկական անձանց կողմից։
Պաշտոնյաների ներկայացրած դատական հայցերը հիմնականում ուղեկցվել են մեծ գումարային փոխհատուցման պահանջներով։ Այս առումով առավելապես աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրանցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների 3-ական հայց է ներկայացրել։
2024 թվականին իրականացված մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրավիճակը խնդրահարույց է նաև տեղեկատվության ազատության ոլորտում։ Պետական մարմինները պատշաճ կերպով բաց չեն ԶԼՄ-ների հետ աշխատանքում և, ըստ լրագրողների վկայությունների, փորձում են թաքցնել հատկապես այն տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է բացահայտել գործունեության թերություններն ու հնարավոր չարաշահումները։ Տարածված երևույթ է մնում տեղեկություններ տրամադրելու համար օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետի խախտումը (23 դեպք)։ Որոշ դեպքերում այդ գործընթացն անհարկի ձգձգվում և հասցվում է 30 օրվա՝ առանց պատշաճ հիմնավորման, թե այդ ընթացքում ինչ լրացուցիչ աշխատանքներ պետք է իրականացվեն (11 դեպք)։ Առավել խնդրահարույց են հարցումներին լղոզված, առանց պատշաճ հղումների, թերի պատասխանները (36 դեպք)։ Անհիմն վկայակոչվում են պետական կամ այլ գաղտնիքները և անձնական տվյալների պաշտպանությունը, ինչի քողարկմամբ չեն տրամադրվում հրապարակման ենթակա տեղեկություններ (12 դեպք)։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարվա ընթացքում շարունակել է հետամուտ լինել 2015թ․ հունիսին «Էլեկտրիկ Երևան»-ի իրադարձությունների ժամանակ տուժած լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Երկրի ներսում անցնելով բոլոր ատյանները և սպառելով հնարավորությունները՝ ԽԱՊԿ-ի աջակցությունն ստացած լրագրողները 2021 թվականին դիմեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։ 2024թ․ սեպտեմբերի 4-ին միջազգային այս ատյանը, վերահաստատում ստանալով բողոքը քննելու պահանջի վերաբերյալ, խնդրեց ուղարկել ամբողջական գործը՝ անգլերեն թարգմանությամբ, ինչը իրականացվել է։ Գործընթացը շարունակվում է։
Հոկտեմբերի 15-ին Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն ինտերնետում 2024» թվականի զեկույցը, որում Հայաստանը դասվել է «ազատ համացանց ունեցող երկրներ»-ի շարքում` նախորդ տարվա համեմատ 2 միավորով բարելավելով դիրքերը և ստանալով 74 միավոր։ Այս գնահատականի համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2023 թ. հունիսի 1-ից 2024 թ. մայիսի 31-ը, Հայաստանում չեն գրանցվել սոցիալական հարթակների և կայքերի արգելափակման դեպքեր։ Միևնույն ժամանակ կազմակերպությունն անդրադարձել է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերին՝ հղում անելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2023թ․ տարեկան զեկույցի տվյալներին:
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ