2012 թ. երրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ

ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համառոտ ամփոփում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեությանն առնչվող պայմաններին, իրադարձություններին ու խնդիրներին եւ հանրությանն է ներկայացնում եռամսյակային ու տարեկան զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Դրանցում ներառվում են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, վերջիններիս առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ քաղաքական գործոնների եւ տնտեսական միջավայրի ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

2012 թ. երրորդ եռամսյակը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ներառող շրջան էր, եւ ԶԼՄ-ների վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ՝ հենց ընտրությունների օրերին (սեպտեմբերի 9-ին եւ 23-ին) տեղի ունեցող, լրատվամիջոցներին առնչվող իրադարձությունները, քանի որ ներքաղաքական լարված մթնոլորտում, սովորաբար, ուժեղանում են ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ։

Այս տարվա ՏԻՄ ընտրությունների առնչությամբ արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 1-ը ֆիզիկական բռնություն էր, 4-ը` տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Թեեւ այս տարվա խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ (7 միջադեպ) ՝ իրավիճակը մեղմ էր, սակայն ՏԻՄ ընտրությունները ներառող շրջանում գրանցված տվյալների հաշվին նկատվեց լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների ընդհանուր թվաքանակի աճ՝ 2011 թ. երրորդ եռամսյակի համեմատ։

Ուշադրության է արժանի այն փաստը, որ սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում վիրավորանքի եւ զրպարտության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դատական հայցերը` լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ, նվազել են` 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այս դրական միտումը նկատելի է 2012 թ. տարեսկզբից։

2012 թ. երրորդ եռամսյակում, ինչպես եւ՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում,  արձանագրվել է 1 ֆիզիկական բռնության դեպք, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակը 3-ով նվազել է, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներն աճել են 6-ով՝ անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատ։

Ուշագրավ է, որ սեպտեմբերի 10-ից «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում քսանրոպեանոց թողարկումներով սկսեց հեռարձակվել «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-ֆե» տեղեկատվական-վերլուծական հաղորդումը։ Երկու հեռուստաընկերության միջեւ համագործակցության պայմանագիրը ստորագրված է մեկ տարով, եւ կողմերը պայմանավորվել են, որ «Արմնյուզ»-ը չի միջամտելու «Ա1+»-ի խմբագրական քաղաքականությանը:

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ