2025 թվականին ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների մեծամասնությունը և դատական հայցերի կեսը իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը` համապատասխանաբար՝ 224 և 208։ Թվային պատկերն ըստ խախտումների տեսակների հետևյալն է․ 15 ֆիզիկական բռնության դեպք, 108 այլ ճնշումներ, 101 տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։
Ինչպես և նախորդ տարիներին, վերոհիշյալ դեպքերի քանակական աճ է արձանագրվել հատկապես երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումների ընթացքում։ Այդ պայմաններում առավել ցայտուն են դրսևորվել թե՛ լրատվական դաշտի բևեռվածությունը, ԶԼՄ-ների մեծամասնության կողմից տարբեր քաղաքական ճամբարների շահերի սպասարկումը, թե՛ իշխանությունների և ընդդիմադիր ուժերի անհանդուրժողականությունն ու ագրեսիան ինչպես միմյանց, այնպես էլ ոչ յուրային լրագրողների նկատմամբ։ Ձևավորված լարված միջավայրում չափազանց բարդացել է մասնագիտական սկզբունքներին համապատասխան լրատվական գործունեությունը։ Ի վերջո, այս միտումները բացասաբար են ազդում լրատվամիջոցների նկատմամբ վստահության մակարդակի վրա։
Հայաստանյան լրատվական դաշտի բևեռվածությունը որպես ռեգրեսիվ երևույթ տարվա ընթացքում մշտապես մատնանշվել է տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք նաև այդ հանգամանքով են պայմանավորում ապատեղեկատվության, ֆեյք լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների, վիրավորանքի ու զրպարտության լայն տարածումը։ Այդ ոգով են լուսաբանվել, մասնավորապես, իշխանություն-եկեղեցու վերնախավ, իշխանություն-ընդդիմություն հակամարտությունները, երկրի համար մի շարք այլ խնդրահարույց գործընթացներ ու նշանակալի իրադարձություններ։ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ատելության ու անհանդուրժողականության տարածումը լուրջ խոչընդոտ է դարձել հանրային կարևոր հարցերի շուրջ քաղաքակիրթ բանավեճերի ու քննարկումների անցկացման համար, ինչը հատկապես մտահոգիչ է 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին։
Թերևս այս լարված իրավիճակով է պայմանավորված 2025 թվականին ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացված դատական նոր հայցերի թվի կտրուկ աճը, որը համեմատելի է հետհեղափոխական՝ 2019 և հետպատերազմյան՝ 2021 թվականների նմանատիպ դատական գործերի քանակի հետ։ Դիտարկվող տարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով ներկայացվել է 61 նոր հայց, ևս 2-ը՝ հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջով։ 2024-ին այդ հայցերի թիվը 43 էր։ Վերոհիշյալ 63 հայցից 31-ը պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից են։ Տեղեկատվական վեճերը դատական կարգով լուծելու ճանապարհով են գնացել, ի թիվս այլոց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր, ապա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և այլք։
Ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների նախորդ տարիներին վարույթ ընդունված գործերից 15-ով 2025 թվականին հայցերը բավարարվել են և դատական ակտերն ուժի մեջ են մտել՝ պատասխանողներին պարտավորեցնելով հերքում հրապարակել, դրամական փոխհատուցումներ և/կամ դատական ծախսեր վճարել։ Ընդհանուր առմամբ այդ ակտերով վճռվել է լրագրողներից ու լրատվամիջոցներից գանձել շուրջ 3,3 մլն դրամ։ Ընդդեմ ԶԼՄ-ների նախկինում ներկայացված 21 հայց 2025-ին վերջնականապես մերժվել է, 6-ը՝ կարճվել, 2-ը՝ վերադարձվել։
ԶԼՄ-ների և լրագրողների կողմից ընդդեմ պաշտոնյաների ու պետական մարմինների նախորդ տարիներին ներկայացված 5 հայց 2025-ին վերջնականապես մերժվել է, 1-ը՝ բավարարվել, ևս 9 հայց ընթացքի մեջ է, որոնցից 3-ը վարույթ է ընդունվել դիտարկվող տարում։
Տարվա ընթացքում արձանագրվել է նաև լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքի, սպառնալիքների ու վիրավորանքի, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների 45 դեպք, որոնցից 33-ը՝ պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և այլոք։
Լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 15 է։ Դրանցից 7-ը իրականացվել է իրավապահների կողմից, 7-ը՝ իշխանության համակիր քաղաքացիների, 1 դեպքում կատարողն առայժմ անհայտ անձ է։
Թեև 2024-ի համեմատ դիտարկվող տարում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել է 101 այդպիսի խախտում։ Տարածված երևույթներ են մնում լրագրողների հարցումներին պետական մարմինների պատասխանների անհարկի ձգձգումը, տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումը, հարցերի էությանը չհամապատասխանող ձևական, ոչ լիարժեք պատասխանները։
ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների բոլոր խախտումները ներկայացված են զեկույցի համապատասխան բաժիններում։ Առավել արտառոց դեպքերի, ինչպես նաև ոլորտի հրատապ խնդիրների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով, փորձագիտական եզրակացություններ են հրապարակել Տեղեկատվական վեճերի խորհուրդն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը։
Մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրությունը դիտարկվող տարում հատվածական փոփոխությունների է ենթարկվել, սակայն այն ավելի խորը և համակարգված բարեփոխման և արդիականացման, միջազգային նորմերին համապատասխանեցնելու կարիք ունի։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
Լուսանկարը տրամադրել է PHOTOLURE լրատվական գործակալությունը