Փորձագետ. Լրագրողների նկատմամբ բռնություների մասով մինչ այժմ ոչ մի քրեական գործ չի հարուցվել
«2009-ին լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների ավելի քիչ խախտումներ են արձանագրվել, քան 2008-ին»,- հունվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նշելով, որ անցած տարին լրագրողական դաշտում «հարաբերական հանգստի» տարի է եղել, նա, սակայն, նկատեց, որ իրավիճակն, այնուամենայնիվ, բարվոք համարել չի կարելի։ «2008-ին լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 18 դեպք է գրանցվել , մինչդեռ 2009-ին գրանցվել է նմանօրինակ 11 դեպք։ Պակասել են լրատվամիջոցների վրա ճնշումներ գործադրելու փորձերը՝ 16-ից հասնելով 11-ի։ Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների դեպքերն էլ 2008-ի համեմատությամբ մեկով նվազել են՝ նախկին 14-ի փոխարեն 2009-ին 13 դեպք է գրանցվել»,- տեղեկացրեց Ա. Մելիքյանը՝ համոզմունք հայտնելով, որ խախտումներն, իհարկե, ավելի շատ են եղել, քան արձանագրված են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ամենամյա զեկույցում։
Ասուլիսի մյուս բանախոս, փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ իր հերթին ավելացրեց, որ լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերը շատ են, սակայն դրանք առավել չափով գրանցվել են Երեւանի ավագանու՝ մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։ «Ցավալի է, որ լրագրողների նկատմամբ բռնություների մասով մինչ այժմ ոչ մի քրեական գործ չի հարուցվել, իսկ դեպքերը բազմաթիվ են։ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտում Գագիկ Շամշյանի ծեծի ենթարկելու դեպքը, „Արմենիա Թուդեյ“ լրատվական գործակալության տնօրեն Արգիշտի Կիվիրյանի, ինչպես նաեւ „Շանթ“ հեռուստաընկերության լրագրող Նվեր Մնացականյանի հետ դաժան հաշվեհարդար տեսնելու փաստերը»:
Նրա խոսքով, ուշագրավ է, որ գնալով ավելանում են լրագրողների՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների դեպքերը. «Այս առումով ամենաուշագրավ դեպքը „Ասպարեզ“-ի լրագրող Լեւոն Բարսեղյանի հետեւողականությունն էր՝ նախագահի աշխատակազմից ստանալ „Հազարամյակի մարտահրավերներ“ կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչին ուղարկված՝ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը, որը մինչ օրս այդպես էլ չի հրապարակվել»: Մ. Հարությունյանը, սակայն, տեղեկացրեց, որ մինչ այժմ գրանցվել է պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու միայն մի դեպք, ով խոչընդոտել է լրագրողի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքին։
Եզրափակելով՝ բանախոսները նշեցին, որ «անտեսելով Հայաստանում խոսքի ազատության մասին միջազգային կառույցների գնահատականները՝ մենք ընդամենը ջայլամի քաղաքականություն ենք վարում»: