ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում ս. թ. մարտի 2-ին հրապարակվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 15-ի՝ «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Այսինքն աղմկահարույց չափորոշիչներն արդեն ուժի մեջ են մտել, եւ այսուհետեւ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, նման տիպի հաղորդումները պետք է հեռարձակվեն ժամը 24:00-ից մինչեւ 06.00-ն:
Եվ թեպետ համարյա բոլոր հեռարձակվող լրատվամիջոցների ղեկավարները լուռ համաձայնություն տվեցին այս, մեր գնահատմամբ, հեռուստառադիոընկերությունների համար նոր «մահակին», այսուհանդերձ, կփորձենք ներկայացնել հենց նրանց բնականոն գործունեությունը վտանգող այն խոչուխութերը, որ կան փաստաթղթում:
Ինչպես դեռ քննարկման փուլում նշվել է, սահմանվող չափանիշները պետք է լինեն այնպիսին, որ սուբյեկտիվ որոշումներ ընդունելու տեղ չթողնեն: Մինչդեռ արդեն հրապարակվածները հենց կամայականությունների լայն հնարավորություններ են ընձեռում: Այսինքն՝ դրանք կարող են կիրառվել ընտրովի՝ այս կամ այն անցանկալի հեռարձակողին պատժելու, լռեցնելու համար:
Մերկապարանոց չլինելու համար, բերենք օրինակներ:
Ըստ չափանիշների երկրորդ կետի՝ «Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող են համարվում այն ֆիլմերը, որոնք ցուցադրում են` ա) վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարաններ»:
Համաշխարհային կինեմատոգրաֆը, այդ թվում՝ սովետականը, ստեղծել է պատերազմական թեմաներով բազմաթիվ ֆիլմեր, որոնց մեծամասնությունն ունի «սոսկում առաջացնող տեսարաններ»՝ ճակատամարտ, ռումբերի պայթյուն, արյուն, դիակներ եւ այլն: Եվ ինչո՞ւ միայն պատերազմական, բազմաթիվ այլ ֆիլմերի օրինակներ կարելի է բերել, այդ թվում հենց երեխաներին հասցեագրված: Օրինակ՝ հայտնի մանկական «Ջումանջի» ֆիլմը սարսափելի տեսարաններ շատ ունի: Եվ քանի որ «վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող» հասկացությունները խիստ սուբյեկտիվ են (օրինակ, հենց միայն ճակատամարտից հետո ռազմադաշտի տեսարանը կարող է ՀՌԱՀ անդամների մոտ սոսկում առաջացնել, իսկ հազարավոր հանդիսատեսների մոտ՝ ոչ), ուստի եւ՝ այդ հանձնաժողովը մինչեւ ժամը 24:00-ը ամեն մի նման ֆիլմի ցուցադրում կարող է խախտում համարել (կարող է եւ չհամարել՝ նայած տվյալ հեռուստաընկերության նկատմամբ «վերին» բարեհաճության աստիճանին): Վախի, տագնապի զգացում հարուցելը չափելի չափանիշ չէ: Իսկ եթե ավելի խիստ դատենք՝ ընդհանրապես չափանիշ չէ:
Մենք չանդրադարձանք էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումներին, քանի որ առանց սահմանելու, թե ինչ է դա, հանձնաժողովը նշում է միայն, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի նման հաղորդումներում. մեկնաբանություններն ավելորդ են:
Ամենից մտահոգողն, իհարկե, փաստաթղթի երրորդ կետն է: Բերենք այն ամբողջությամբ.
«3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք`
ա) խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում և նսեմացնում են ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը.
բ) նսեմացնում և վարկաբեկում են ազգային եկեղեցուն և նրա կողմից քարոզվող արժեքները.
գ) ժխտում են բարոյականության նորմերը, քարոզում անբարո ապրելակերպ, նսեմացնում կրթության և դաստիարակության դերը.
դ) նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերիհասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային.
ե) ցուցադրում կամ նմանակում են թմրամոլի կամ հարբեցողի` առանց դատապարտելու թմրամոլությունը և հարբեցողությունը.
զ) ծաղրում կամ ծաղրելով նմանակում են ֆիզիկական և հոգեկան արատներով անձանց.
է) պարունակում են գռեհկաբանություն և հայհոյախոսություն»:
Սկսենք ա ենթակետից. անհասկանալի է, թե անչափահասների մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա ինչո՞ւ պիտի բացասական ազդեցություն ունենա այն հաղորդումը, որտեղ պատմական իրողություները ներկայացվում են ոչ դասագրքերում գրվածի նման: Եվ արդյո՞ք դասագրքերում եղածին ամեն մի հակառակ տեսակետ ինքնին խեղաթյուրում է: Մեր համոզմամբ, երեխաների դաստիարակության վրա ավելի մեծ բացասական ազդեցություն ունեն դոգմաներն ու դրանք անվերապահորեն ընդունել պարտադրելը: Այնուհետեւ, ո՞վ է կազմել ցանկը այն ազգային գործիչների եւ մշակութային ժառանգության, որ չի կարելի նսեմացնել ու վարկաբեկել մինչեւ ժամը 24:00-ն (իսկ 24:00-ից հետո կարելի՞ է): Եվ ի՞նչ է նշանակում նսեմացնել այս կամ այն ազգային գործչին: Միայն նրա սխալները մատնանշելն արդեն նսեմացո՞ւմ է… Եթե ինձ դուր չի գալիս մշակութային ժառանգություն համարվող որեւէ կառույց, ես այդ մասին միայն ժամը 24:00-ից հետո՞ պիտի բարձրաձայնեմ հեռուստատեսությամբ… Իսկ եթե ասեմ մինչ այդ՝ ինչո՞վ եմ բացասաբար ազդելու երեխաների դաստիարակության վրա… Միանգամայն պարզ է՝ անհրաժեշտության դեպքում, ցանկացած պատմական հաղորդում կարելի է մտցնել այս «չափանիշի» տակ ու պատժել լրատվամիջոցին (եթե որոշել են պատժել հենց նրան):
Այսպես կարելի է կետ առ կետ քննարկել, եւ բոլոր պարագաներում կհանգես հարցերի: Օրինակ՝ իսկ կարելի՞ է նսեմացնել ազգային եկեղեցուն ժամը 24:00-ից հետո: Իսկ մյուս եկեղեցիների՞ն՝ կարելի է նսեմացնել ամբո՞ղջ օրվա ընթացքում: Կոտո՞վ, շուկայի կշռաքարերո՞վ, թե՞ ժամանակակից էլեկտրոնային կշեռքով եք չափելու «հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիայի», կամ գռեհկաբանության աստիճանը… Բավական է: Այսքանից հետո միայն մի հարց պիտի տանք. պարոնայք, ի՞նչն եք աչքի առաջ ունեցել այս անհեթեթ փաստաթուղթը մշակելիս…
Մի բան, այսուհանդերձ, մեզ համար պարզ է. մեր երկրում, ուր ամբողջ հեռարձակման ոլորտը, չնչին բացառությամբ, վերահսկվում է (եւ այն էլ ոչ այնքան ՀՌԱՀ-ի, որքան իշխանությունների կողմից), ուր այդ վերահսկողությունից քայլ աջ կամ քայլ ձախ կատարելը համարվում է «փախուստի փորձ», եւ «կրակում են» առանց նախազգուշացման, այս փաստափուղթն այն «փամփուշտն» է, որ արձակվելու է միայն «փախչողի» հետեւից…
Իսկ դրա ավերածությունները զգալու ենք բոլորս, եթե հեռարձակման ոլորտում դեռ ավերելու բան մնացել է:
Մեսրոպ Հարությունյան
ԽԱՊԿ փորձագետ