«…Ովքե՞ր են գրում հնդկացիների դեմ ճակատամարտերի մասին. վիգվամը վամպումից չտարբերող պարոնները, որոնք կյանքում երբեք
գլխապատառ չեն փախել՝ փրկվելով տոմահավկներից կամ չեն հանել նետերը
իրենց ցեղակիցների մարմնից՝ դրանցով կանգառի ժամանակ խարույկ
վառելու համար։ Ովքե՞ր են սթափության սրտառուչ կոչեր գրում եւ բոլորից
բարձր ոռնում հարբեցողության վնասների մասին.մարդիկ, որոնք միայն
գերեզմանում կսթափվեն»:
Մարկ Տվեն, «Թե ինչպես ես խմբագրեցի գյուղատնտեսական թերթը»
Շարունակեմ Մարկ Տվենին. իսկ ովքե՞ր են էթիկական սկզբունքների խարտիա գրում հեռուստաընկերությունների համար. լուրը ռեպորտաժից, էթիկական կանոնները օրենքից չտարբերող դիլետանտները, որոնք կոկորդ են պատռում, թե պետք չէ վթարների ու աղետների մասին տեղեկություններ տարածել, որ հանկարծ բնակչությունը դեպրեսիայի մեջ չընկնի, մարդիկ, ովքեր կարծում են (սովետական սմքած ուղեղների մտագարություն), որ եթե աղետի մասին չխոսես՝ աղետներն իսպառ կվերանան, իսկ «շաքար, շաքար ասելով՝ բերանդ կքաղցրանա» (իմա՝ «լավատեսական լուրերով» մեր կյանքը կբարելավվի): Անկեղծ ասած՝ այդ «խարտիագետների» հետ ես գործ չունեմ, եւ խոսքս էլ նրանց չի վերաբերելու: Ես նրանցից շնորհակալ եմ միայն, որ ինձ մի ավելորդ անգամ լիաթոք ծիծաղելու հնարավորություն տվեցին:
Այս իմ հրապարակումը հասցեագրված է հեռուստաընկերությունների այն ղեկավարներին, ովքեր գնացին ու սուսուփուս ստորագրեցին այդ, ամոթ էլ է ասել, փաստաթուղթը… Ես նրանց եմ դիմում հարցով. պարոնայք, դուք կարդացե՞լ եք այն, ինչի տակ ստորագրել եք:
Կարծում եմ, չեք կարդացել, որովհետեւ չեմ պատկերացնում հայերենին տիրապետող գրագետ մի մարդ, որ կարդացած լիներ ու ստորագրեր դա: Ընդ որում, եթերային լեզվի մաքրություն պահանջողները («Խարտիայում» գրել են. «Եթերից մատուցել մաքուր, քերականապես ճիշտ և օրինակելի խոսք») իրենք փաստաթուղթ են կազմել՝ հայերենին հեռավոր նմանություն անգամ չունեցող, ներողություն, լեզվով:
Օրինակնե՞ր. խնդրեմ.
« գիտակցելով հեռուստատեսության և ռադիոյի առանձնահատուկ առաքելությունը`
• յուրաքանչյուր քաղաքացու ազատ մտաարտահայտման և հասարակության լիարժեքտեղեկացվածության իրավունքի ապահովման համատեքստում,
• ազգային և համամարդկային քաղաքակրթական արժեքների քարոզման ուպաշտպանության, նոր սերնդի դաստիարակության առումով,
• հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորման ու կայացման, պետական շինարարության ասպարեզում,
• գիտակցելով սեփական պատասխանատվությունը մասնագիտական գործունեությանսոցիալական հետևանքների համար»:
Շատ մաքուր եւ «քերականապես ճիշտ» (ի դեպ՝ «քերականապե՞ս ճիշտ», թե՞ «քերականորեն ճիշտ», պետք է ճշտել լեզվաբաններից) հայերեն է՝ «առաքելությունը … համատեքստում», «առաքելությունը … առումով», դե իսկ՝ «գիտակցելով …» բառով սկսվող նախախոսքին հաջորդած թվարկման մեջ 4-րդ կետի «… գիտակցելով»-ը ոսկեղենիկ հայերենի գլուխգործոց է: Սա միայն սկիզբն է, ընթացքում էլի կկարդաք եւ գուցե հետո իսկապես մտածեք, թե ինչո՞ւ այդքան նսեմացրիք սեփական ստորագրությունը, այն դնելով անգրագետ տեքստի տակ:
Եվ թեպետ մեր որոշ գործընկերներ հորդորում են շատ չխորանալ այդ փաստաթղթի մեջ, այսուհանդերձ, ստորեւ՝ հատուկ խարտիան ստորագրած հեռուստաընկերությունների համար մեջբերումներ կանեմ՝ միանգամայն «լուրջ» մեկնաբանություններով:
«1. Ապահովել խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալուհնարավորությունը որպես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակությանձևավորման պայմաններում մարդկանց անօտարելի իրավունք»
(պահպանված է հեղինակների կետադրությունը: Բոլոր մեջբերումները՝ ըստ Հանրային խորհրդի կայքի http://www.publiccouncil.am/news.php?id=20&l=2 էջում հրապարակված տեքստի):
Հասկացա՞ք, խոսքի ազատությունը եւ թվարկված «հնարավորությունը» (թե ինչու է Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքը դարձել ընդամենը հնարավորություն՝ թողնենք մտքի գիգանտների խղճին) միայն ժողովրդավարության և քաղաքացիականհասարակության ձևավորման պայմաններում են անօտարելի իրավունք: Ասենք, հասուն ժողովրդավարության պայմաններում դրանք արդեն էլ իրավունքներ չեն, վերանում են կամ, առնվազն, օտարելի են դառնում:
«3. Զերծ մնալ հասարակական տարբեր արատները` հանցագործություն,խաղամոլություն, կոռուպցիա, թմրամոլություն, հարբեցողություն,
հովանավորչություն և այլ շեղված վարքաձևերը դրական համատեքստում ներկայացնող և դրանցնկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնող հրապարակումներից»:
Անառողջ հետաքրքրությունը, մանավանդ, զիլ էր (հետաքրքրության առողջը ո՞րն է, իսկ տկա՞րը, թեթեւ մրսա՞ծը…): Վերջ՝ «02» հաղորդաշարը փակելու են: Որովհետեւ բավական է մի անգամ նայես այդ հաղորդաշարի, ներողություն արտահայտությանս համար, սյուժեները, եւ քո մեջ հաստատ «անառողջ» հետաքրքրություն կառաջանա վերը թվարկվածների նկատմամբ:
«4…Ապահովել խնդրի նկատմամբ շահագրգիռ կողմերի` խոսքի իրավունքից օգտվելուհավասարության և կարծիքների բազմազանության սկզբունքը»:
Տեսա՞ք ինչ մաքուր հայերեն էր: Իստակ: Զուլալ: Քերականական բոլոր կանոններով: Մանավանդ՝ «խնդրի նկատմամբ շահագրգիռ» կողմերի կարծիքների բազմազանության սկզբունքը: Իսկ ոչ շահագրգիռ կողմերի կարծիքների վրա թքած կունենաք: Օրինակ, այս հարցում ես շահագրգիռ կողմ չեմ, թե ինչո՞ւ եմ կարծիք գրում… Երեւի կարծիքների բազմազանության սկզբունք եմ խախտում, հը՞:
«5.Ձեռնպահ մնալ հասարակայնորեն դրական գնահատվող արժեքների (ազնվության,մարդասիրության, անկաշառության, հասարակության այլ անդամների նկատմամբհարգալից վերաբերմունքի, հայրենասիրության, հոգևոր ազգային և գիտակրթականիդեալների) ոգով դաստիարակության դերը նսեմացնող, դրանց նկատմամբ հեգնանք,արհամարհանք, ծաղր պարունակող հրապարակումներից»:
Խեղճ լեզվաբանները հիմա գլուխ կկոտրեն «հասարակայնորեն դրական գնահատվող» բառակապակցությունը հասկանալու համար: Կարծում եմ, կարելի է նաեւ դիսերտացիա պաշտպանել: Փաստորեն ես հիմա խախտում եմ այդ սկզբունքը. իրենք ազնիվ մղումներով լավ բաներ են քարոզում, իսկ ես՝ նվաստ մի գրիչ, ահա դրել ու քլնգում եմ, ձեռ եմ առնում: Բայց ի՞նչ անեմ, ո՞նց ձեռ չառնեմ երբ կարդում եմ «հոգևոր ազգային և գիտակրթական իդեալների» բառակապակցությունը: Աչքս կոխեք «գիտակրթական իդեալները»…
«9. Դրվատել ազգային միաբանության, ինքնության, պետականության ու ազգայինիղձերի մարմնավորում հանդիսացող գաղափարները, խորհրդանիշերը,ստեղծագործություններն ու հերոսներին»:
Դե իհարկե, առանց սրա չէր լինի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կայֆ է լինելու. առավոտյան զարթնում ես՝ միացնում հեռուստացույցը, եւ ազգային միաբանության գաղափարների դրվատանքները լցվում են տունդ, իսկ ազգը պառակտողներին (դե նրանց, էլի, ովքեր համաձայն չեն արդուկած սինոփսիկի «լավատեսական լուրերի» կոնցեպցիային)՝ ոչ մի եթեր: Ցերեկը՝ ազգային ինքնությունդ ես մաքրագործում, դե իսկ երեկոյան որեւէ գրականագետ ցեխն է կոխում նրանց, ովքեր հանկարծ վատ կարտահայտվեն «ազգային իղձերի մարմնավորում հանդիսացող ստեղծագործությունների ու հերոսների» մասին («տվեք ստեղծագործություների ու հերոսների ցանկը, պարոնայք»,- կասեր իմ ընկեր Լեւոն Բարսեղյանը: «Չմոռանաք իղձերի ցանկն էլ կցել»,- ավելացնեմ ես):
«10.Չխուսափելով ՀՀ զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող իրավականնորմերի քննարկումներից, այնուհանդերձ, պահպանել դրանք սահմանվածժամանակահատվածում, նպաստել օրինապահության մշակույթի ձևավորմանը»:
Իսկ չսահմանված ժամանակահատվածում չպահպանեք: Միայն սահմանված ժամանակահատվածում: Հա, չմոռանաք ճշտել, թե որն է սահմանված ժամանակահատվածը:
«14. Բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ ուանբարո ապրելակերպի քարոզչություն պարունակող նյութերի, ծրագրերիպատրաստումն ու հեռարձակումը, քրեական ապրելակերպի ռոմանտիզացման ևդրվատման տարրեր պարունակող հեռուստառադիոարտադրանքի մատուցումը»:
Ցածրաճաշակ ամեն ինչ լսել էինք, «ցածրաճաշակ տեսարանն» էր մնացել: Էդ էլ երեւի հեղինակները կիմանան որն է: Օրինակ, կարծում եմ, որ շա¯տ «բարձրաճաշակ տեսարան» է այն, որ այս «փաստաթղթում» 14-րդ կետին հաջորդում է 16-ը: Դե 15-րդ կետ ունենալը գռեհկաբանություն է, կամ էլ՝ 15-ը չի մարմնավորում ազգային իղձերը:
«16. … Զերծ մնալ հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներիանձնական կյանքի մանրամասներն առանց նրանց համաձայնությանհրապարակելուց, եթե դրանք չեն առնչվում նրանց մասնագիտական, պաշտոնական ևհանրային գործունեությանը»:
Սա երեւի Բելգիայի կամ Ավստրիայի փորձից է վերցված… Նորվեգիայի՞… Չէ… Չեմ կարծում… Նորվեգացիք էդպես չէին գրի: Հաստատ՝ Դանիայից կամ էլ Մեծ Բրիտանիայից («խարտիագետները» թվարկել են այն երկրները, որոնց փորձը ուսումնասիրել են): Համաշխարհային (իհարկե, նաեւ թվարկված բոլոր երկրների) փորձը ճիշտ հակառակն է. հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչների անձնական կյանքի մասին տեղեկությունների հրապարակումը նորմալ է համարվում, քանզի այդ մարդիկ կամավոր իրենց դրել են հասարակության ուշադրության կենտրոնում:
«17. Օրենքով սահմանված և չարգելված բոլոր միջոցներով պայքարելմասնագիտական գործառույթներից բխող գործելակերպի համար հետապնդումներիենթարկվող գործընկերների ու լրատվամիջոցների մասնագիտական ազատություններիև իրավունքների պաշտպանության համար»:
Հեսա, մի քիչ էլ ու պայքարելու են…Հենց խարտիան ընդունեցին, վազելով պայքարելու են: Ստորագրած հեռուստաընկերություններին առաջարկում եմ պայքարել այսօրվանից եւ որպես առաջին քայլ պահանջել, որ ոստիկանությունը վերսկսի այս տարվա հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերի քննությունը:
«18. Եթերից մատուցել մաքուր, քերականապես ճիշտ և օրինակելի խոսք: Զերծ պահելայն չարդարացված օտարամուծություններից, կենցաղային–պարզունակ ոճականդրսևորումներից, ժարգոններից, գռեհկաբանություններից, անճաշակարտահայտություններից ու հայհոյախոսություններից: Ոչ նորմատիվ լեզվի, ոճի ևարտահայտությունների կիրառումը թույլատրելի համարել միայն այն դեպքերում, երբդա պայմանավորված է մատուցվող նյութի բովանդակությամբ, չի կրում քարոզչականբնույթ և գերակշռող չէ տվյալ հրապարակման մեջ»:
Մեռնեմ «քերականապես ճիշտ ու մաքուր» ու «ճաշակով» ջաններիդ, անգրագետ լեզվով ո՞նց եք ուրիշներից գրագիտություն պահանջում: Գրեցի ու վախեցա, հեսա մի գիգանտ կկանգնի ու կասի, «ֆու, էդ ինչ անճաշակ արտահայտություն արեցիր. «մեռնեմ ջաններիդ, ֆլան, ֆստան»… տեսնես էդ «ճաշակավորները» երբեւէ լսե՞լ են «ճաշակին ընկեր չկա» արտահայտությունը:
Հիմա նորից հարցնեմ հեռուստաընկերությունների ղեկավարներին. պարոնայք, դուք կարդացե՞լ եք ձեր ստորագրած տեքստը: Եվ եթե կարդացել եք, չե՞ք տեսել դրա ողջ զավեշտականությունը: Իսկ եթե չեք կարդացել…
Այսինքն, ճիշտ եք արել, որ չեք կարդացել: Դա հո գրված չէ՞ կարդալու համար, ընդամենը մեռելածին մի կառույց բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Կամ ինչպես ձեզ լավ հայտնի քաղաքական գործիչն էր ասում՝ օդ է տատանում (թու, էս ինչ գռեհկաբանություն օգտագործեցի):
Ձեր ընտրությունը հարգող՝
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համեստ փորձագետ, որ մի քիչ ծանոթ է խարտիային կից թվարկված երկրներում գործող վարքականոններին: Իհարկե, ոչ այնքան, որքան «խարտիագետ» մտքի գիգանտները, բայց եւ՝ այնքան, որ կարող է տարբերել «Վիգվամը վամպումից», կամ՝ վարունգը (գռեհկաբանությամբ՝ խիարը) բոստանային մյուս կուլտուրաներից: