2010 թվականի մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա եւ ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում:
Նույն օրը ոստիկանները խոչընդոտել են նաեւ «Հայկական ժամանակի» մեկ այլ լրագրողի՝ Սյուզաննա Պողոսյանի եւ «Հայք» թերթի թղթակից Լիլիթ Թադեւոսյանի մասնագիտական գործունեությունը: Նրանց նույնպես բերման են ենթարկել, ապա ժամեր անց ազատ արձակել:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք՝
– լրագրողների դեմ կիրառվող նման բռնի մեթոդները անընդունելի են ժողովրդավարական հասարակության համար:
Հիշեցնում ենք՝
– ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,
– ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասը պատիժներ է նախատեսում պաշտոնատար անձանց կողմից նման արարքներ թույլ տալու համար:
Պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից՝
– անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին,
– դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
ԶԼՄ–ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ–Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Գորիսի մամուլի ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե
01. 06. 2010