Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարկել է www.e-gov.am ինտերնետային կայքը, որի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում»: Կայքի նպատակն է, ինչպես նշված է անոնսում, «մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները եւ հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար»:
Կառավարության պաշտոնական կայքից այս նոր ռեսուրսը տարբերվում է նրանով, որ այստեղ ոչ միայն տեղեկատվությունն է առավել ընդլայնված, այլեւ՝ մեկ կայքի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի հետեւել ցանկացած նախարարությանը, կառավարությանն առընթեր մարմնին (այս կատեգորիայից առայժմ համակարգին միացած են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ պետական եկամուտների կոմիտեն) եւ մարզպետարանին հասցեագրված իր դիմումի կամ նամակի ընթացքին: Սա, ինչ խոսք, զգալի առաջընթաց է կառավարության եւ պետական կառավարման մարմինների գործուենության թափանցիկության ապահովման առումով:
Թափանցիկությանը նպաստում են նաեւ մեկ անձից կատարված գնումների, ՊՈԱԿ-ների ֆինանսավորման, , ՀՀ վարչապետի ֆոնդից ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունների եւ անհատների մասին տեղեկությունները, ինչպես նաեւ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը:
Անմիջականորեն այս կայքից հնարավոր է մուտք գործել Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման, Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգեր, Էլեկտրոնային վիզա (e-visa) ձեռք բերելու եւ Էլեկտրոնային ստորագրություն ստանալու կայքեր:
Այս կայքի միջոցով հնարավոր է նաեւ անմիջականորեն նամակներ հղել կառավարությանը, սակայն այս եղանակով ուղարկված նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն և ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: Պաշտոնական նամակները, որոնց ընթացքին կարելի է հետեւել www.e-gov.amկայքում, պետք է ուղարկվեն կառավարության (կամ պետական կառավարման համապատասխան մարմնի) փոստային հասցեով, որից հետո դիմողը ստանում է 12 նիշանոց հսկիչ համար, որն էլ այն նամակի ընթացքին հետեւելու գաղտնաբառն է:
Ընդհանուր առմամբ, գործարկված համակարգը լավ տպավորություն է թողնում:. Սակայն ինչպես այն կաշխատի իրականում՝ ցույց կտա ապագան: Անշուշտ, նպատակահարմար կլինի Հայաստանում էլեկրոնային կառավարման արդյունավետությունը պարզելու ուսումնասիրություն անցկացնել: Սակայն մի բան արդեն իսկ որոշակի թերահավատություն է առաջացնում. կառավարությանը, նախարարություններին եւ մարզպետարաններին նամակներ հասցեագրողների, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների՝ ինտերնետից օգտվելու ցածր տեսակարար կշիռը: