Եվ այսպես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ հաստատված «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները» փաստաթուղթը հազիվ 4 ամիս գոյատեւելուց հետո «հոգին ավանդեց»:
Ապացո՞ւյց եք ուզում:
2010 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» բավականին աղմուկ հանած եւ բազմաթիվ քննադատությունների արժանացած օրենքը, որը մշակել էր ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովը: Լրագրողական կազմակերպությունները տարբեր հայտարարություններում բազմիցս նշել են, որ թվային հեռարձակման անցումն ապահովելու պատրվակով մշակված այդ օրենքում փոփոխություններ են կատարվել նաեւ թվայնացմանն ու լիցենզավորման մրցույթներին բնավ չվերաբերող հոդվածներում: Ահա այդպիսի մի, առաջին հայացքից աննշան, փոփոխություն էլ կատարվել է օրենքի 22-րդ՝ «Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը» հոդվածի (մինչ փոփոխություները դա 24-րդ հոդվածն էր) 2-րդ մասում: Այն այժմ ձեւակերպված է այսպես. «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման հաղորդումների որոշմանչափորոշիչները սահմանվում են օրենքով» (ընդգծումը մերն է – Մ.Հ.): Որպեսզի հասկանալի լինի, ասեմ, որ մինչ փոփոխությունները գործող օրենքի 24-րդ հոդվածում նշվում էր, որ այդ չափորոշիչները սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Ինչը վերջինս արել էր փետրվարի 15-ին: Եվ հիմա՝ օրենքի փոփոխություններից հետո ստացվում է, որ ՀՌԱՀ-ի՝ փետրվարին հաստատած փաստաթուղթն այլեւս մեռած է, կիրառելի չէ, իսկ չափորոշիչները սահմանելու համար հատուկ օրենք պիտի ընդունվի: Հիմա հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք չափորոշիչներ մշակել, քննարկումներ կազմակերպել, այդքան ջուր պղտորել եւ այդ ամենը՝ ոչ լրիվ 4 ամսվա համար…
Մեզ մնում է սպասել, թե երբ եւ ում կողմից Ազգային ժողով կներկայացվի «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների մասին» օրենքի նախագիծը: Իսկ մինչ այդ՝ հեռուստառադիոընկերությունները կարող են աշխատել ինչպես մինչեւ փետրվարի 15-ը՝ առանց կասկածելի չափորոշիչների:
Մեսրոպ Հարությունյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ