Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արդեն 5 ամիս իրականացնում է մայրաքաղաքի տարբեր մամուլի ակումբներում հասարակական-քաղաքական գործիչների ասուլիսների՝ հեռուստալուսաբանումների մոնիտորինգ: Այդ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն մանրամասն վերլուծությունից հետո, սակայն վերջին ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձության՝ Հայ-ռուսական համաձայնագրերի վերաբերյալ տարբեր գործիչների ասուլիսների լուսաբանումն այնքան բնորոշ ընդանուր միտումներ դրսեւորեց, որ հարկ համարեցինք դրան անդրադառնալ այժմ:
Եվ այսպես, օգոստոսի 19-21-ը կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը, ըստ որի ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Այնուհետեւ՝ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Բնական է, որ այդ ընթացում, եւ դրանից հետո լրատվության ամենակարեւոր թեմանները ՌԴ նախագահի այցն էր, հայ-ռուսական հարաբերություները, ռազմաբազաների, Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները: Եվ երեւանյան մամուլի ակումբներում էլ ասուլիսներ էին կազմակերպվում՝ հիշյալ թեմաների շուրջ տարբեր քաղաքական ուժերի տեսակետները ստանալու համար: Օգոստոսի 23-ից 31-ը այդ թեմայով մոտ մեկ տասնյակ ասուլիս է կազմակերպվել: Մենք հետեւել ենք դրանցից 6-ին՝ օգոստոսի 23-ին քաղաքագետ Ալեքսանդր Մանասյան, նույն օրը՝ ընդդիմադիր գործիչ Կարապես Ռուբինյան, 24-ին՝ «ժառանգության» ներակացուցիչներ Ստեփան Սաֆարյան եւ Ռուբեն Հակոբյան (համատեղ), նրանցից ընդամնեը կես ժամ հետո՝ նույն ակումբում «Եվրոպայան ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյան, օգոստոսի 25-ին՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան, եւ օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան:
Միայն թվարկումը բավարար է հասկանալու համար, որ մամուլի ակումբներում քիչ թե շատ բազմակարծություն ապահովված էր: Իսկ ինչպիսին էր թեմայի շուրջ բազմակարծությունը եթերում:
Համեմատենք ըստ օրերի.
Օգոստոսի 23. «Դե ֆակտո» ակումբում ընդդիմադիր գործիչ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն էր: Բանախոսն ակնհայտ քննադատական դիրքորոշում ուներ ստորագրված արձանագրության, ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Այս ասուլիսը եթերային հեռարձակում ունեցող ոչ մի հեռուստաընկերություն չէր նկարահանում, եւ բնականաբար այն չլուսաբանվեց: Կարապես Ռուբինյանի ասուլիսից ընդամենը 30 րոպե անց «Արմատ» ակումբում նույն խնդիրների շուրջ խոսում էր արդեն ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: Այս ասուլիսը լուսաբանում էր 4 հեռուստաընկերություն:
Էլ ավելի հետաքրքիր էր հաջորդ օրը նույն՝ «Դե ֆակտո» ակումբում տեղի ունեցած ասուլիսների լուսաբանման համեմատությունը: Սկզբում թեմայի շուրջ խոսեցին «Ժառանգության» ներկայացուցիչներ Ստեփան Սաֆարյանն ու Ռուբեն Հակոբյանը: Նկարահանում էր 4 հեռուստաընկերություն: Նույն ակումբում առաջինի ավարտից մոտ կես ժամ անց ասուլիսի տեղը զբաղացրեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, որի գնահատականները խիստ լոյալ էին, ի տարբերություն «Ժառանգության» քննադատական հայացքի: Այս երկրորդ ասուլիսը նկարահանում էր 7 հեռուստաընկերություն: Թե ինչո՞ւ երեք հեռուստաընկերության չէր հետաքրքրել ընդդիմադիր կուսակցության կարծիքը՝ անհասկանալի է: Համենայն դեպս՝ լրագրողական ստեղծագործության, անաչառության եւ անկողմնակալության սկզբունքների տեսանկյունից:
Օգոստոսի 25-ին «Հենարան» ակումբում թեմայի շուրջ իր կարծիքներն էր ներկայացնում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Մայրաքաղաքային եւ հանրապետական սփռում ունեցող 10 հեռոսւատընկլերություն լուսաբանեց: Ընդսմին, այս ասուլիսը միակն էր անցած օրերի նույն թեմայով ասուլիսներից, որ լուսաբանվեց Հայաստանի հանրային հեռուստաընեկության «Հայլուր» լրատվական ծրագրով:
Վերջապես՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների, այդ թվում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ օգոստոսի 31-ին ասուլիս էր տալիս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այն նկարահանում էր 6 հեռուստաընկերություն, այդ թվում Հ1-ը, որը սակայն չանդրադարձավ բանախոսի հիմնական մտքերին՝ իշխանափոխության անհրաժեշտությանը, արտաքին քաղաքականության ձախողումներին եւ այլն: Ներկայացրեց միայն իրենց հետաքրքրող (քննարկվող թեմայի հետ քիչ առնչություն ունեցող) մի հարցի պատասխան՝ նույն հարցի շուրջ այլ գործիչների պատասխանների համադրությամբ:
Ահա այսպիսի մեկշաբաթյա «բազմակարծություն» հայկական հեռուստաեթերում:
Մեսրոպ Հարությունյան
ԽԱՊԿ փորձագետ