Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը լրագրողի նկատմամբ հերթական գործն է վարույթ ընդունել: Այս անգամ հայց է ներկայացվել «Հետք» շաբաթաթերթի եւ ինտերնետային հրատարակության թղթակից Անի Հովյաննիսյանի դեմ: Հայցվորը՝ Երևանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանն է: Նա պահանջում է հերքել Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում…» հոդվածում («Հետք» N 21, 03.06.2010, էլեկտրոնային հրատարակությունում՝ 07.07. 2010), բերված փաստերը, ինչպես նաեւ՝ փոխհատուցել իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու պատճառով կրած վնասները:
Ըստ երեւույթին հայցվորին վիրավորել է այն, որ երիտասարդ լրագրողուհին առանց գույները խտացնելու լուսաբանել է մասնավոր բուհի իրավիճակը եւ այն բարքերը, որ այստեղ արմատավորել է ռեկտորը: Ընդսմին, դա արել է միանգմայն օբյեկտիվ կերպով՝ ներկայացնելով եւ Միքայել Ամիրխանյանի, եւ ուսանողների, եւ ծնողների կարծիքները: Պարզապես հրապարակումից պարզորոշ զգացվում է, թե ով է ասում ճշմարտությունը, իսկ ով՝ կեղծում եւ փորձում արդարանալ (մենք խորհուրդ ենք տալիս մեր ընթերցողներինhttp://hetq.am/am/society/head-of-a-university/ կայքում կարդալ Անի Հովհաննիսյանի հոդվածն ու գնահատել նրա օբյեկտիվությունը):
Ինչպես երեւում է հոդվածից, ռեկտորը փորձել է փող շորթել՝ շահագործելով ուսանողների աշխատանքը, ընդ որում՝ այնքան անթաքույց, որ դա վերջիններիս զայրույթն է հարուցել: Բուհի շրջանավարտներն իրենց դիպլոմներում հայտնաբերում են առարկաներ, որոն չեն էլ անցել: Ընդունելության քննությունները ձեւական են՝ հարցազրույցի տեսքով եւ կարող են անցկացվել ցանկացած պահի՝ առանց հստակ ժամկետների: Ավելին, համարյա պաշտոնապես զեղչ է սահմանված այն ուսանողների համար, ովքեր ինստիտուոտւմ սովորելու համար կբերեն նոր մարդկանց: Ինչ վերաբերում է դասախոսների պրոֆեսիոնալ մակարդակին, ապա դրա մասին ուսանողների բողոքները Մ. Ամիրխանյանը զրպարտություն է համարում: Հետաքրքիր է, իսկ այս ամենի մասին տեղյա՞կ է, արդյոք, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, որն այս տարի մասնավոր բուհերի միանգամայն հիմնավորված «զտումներ» կատարեց:
Ի միջի այլոց, Անի Հովհաննիսյանի հոդվածին ուշադրություն դարձնելու դեպքում՝ մտորելու տեղ կունենան նաեւ հարկային ու իրավապահ մարմիները: Այնինչ՝ Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտորն ինքն է դիմել դատարան եւ հերքում է պահանջում. ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է…
Անի Հովհաննիսյանն իր հերթին դիմել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին՝ իրեն իրավաբանական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Եվ նման օգնություն նրան ցույց կտրվի. լրագրողի շահերը դատարանում կպաշտպանի ԽԱՊԿ իրավաբան Օլգա Սաֆարյանը: Հետքարքիր է, որ վերջերս հայցվորը զանգահարել է փաստաբանին եւ հանդիպում խնդրել: Սպասվում էր, որ ռեկտորը կընդունի իր սխալները եւ կգնա հաշտության: Սակայն նա դարձյալ խոսել է հրապարակման մեջ եղած փաստերը հերքելու մասին եւ կողմերը պայմանավորվել են… հանդիպել դատարանում: Գործով առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 16-ին:
Ի դեպ, այս կոնֆլիկտը բավականին բնորոշ է. տարբեր մակարդակի պաշտոնյաները իրենց հասցեին քննադատությունն ընդունում են իբրեւ վիրավորանք եւ փորձում են լրագրողների ու ԶԼՄ-ների հետ իրենց հաշիվները պարզել դատարանի միջոցով: Նման սպառնալիքների մասին լրագրողական կազմակերպություները նախազգուշացնում էին, երբ երկրում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում էր իրականացվում, այսինքն՝ նման իրավախախտումների համար պատասխանատվությունը քրեականից տեղափոխվեց քաղաքացիական իրավահարաբերութունների ոլորտ: Սակայն հիմա կարեւոր է, թե ինչպես իրենց կպահեն դատարաններն ընդհանրապես, եւ այս դեպքում՝ մասնավորապես…
Աշոտ Մելիքյան
ԽԱՊԿ նախագահ