Ինչպես երեւում է, տեսանելի ապագայում երկրի հասարակությունն այդպես էլ չի իմանա, թե Հայաստանում որ ռադիոհաճախականություններն են զբաղված եւ որոնք՝ ազատ, դրանցից որոնք կարելի է օգտագործել հեռուստահեռարձակման համար, իսկ որոնք՝ ոչ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համապատասխան հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ «Աերոսիստեմս ինտերնեյշնլ» կանադական ընկերության իրականացրած աուդիտի վերջնական հաշվետվությունը չի ընդունվել եւ ուղարկվել է լրամշակման:
Հիշեցնենք, որ այս ոլորտում իրավիճակի ուսումնասիրության խնդիրը հրատապ դարձավ երկրում անալոգային հեռարձակումից թվայինի անցնելու կապակցությամբ: Իսկ ավելի վաղ նման հասարակական պահանջի համար առիթ էին հանդիսացել ազատ հաճախականությունների բացակայության մասին իշխանությունների հայտարարությունները, որոնցով էլ պատճառաբանվում էր, թե հնարավոր չէ անցկացնել հեռւստահեռարձակման լիցենզավորման նոր մրցույթներ, որոնց կկարողանա մասնակցել նաեւ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը:
Սակայն 2009 թվականի հոկտեմբերին «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ զեկուցմամբ հանդես եկած Եվրոպայի խորհրդի փորձագետ Ալեք Թոմասը հայտարարեց, թե Երեւանում կան չօգտագործված հաճախականություններ եւ առաջարկեց անցկացնել աուդիտ: Սրանից հետեւում էր, որ պաշտոնյաների պնդումները, թե հեռարձակման լիցենզավորման մրցույթներ չէին անցկացվում ազատ հաճախականությունների բացակայության պատճառով, հեռու էին իրականությունից: Եվրոպայի խորհրդի փորձագետի հայտարարությունը հիմնավորեց երկրի մի շարք լրագրողական միավորումների այն տեսակետը, թե հաճախականությունների բաշխման մրցույթները դադարեցվել են ամենից առաջ այն պատճառով, որ պահպանվի հեռարձակման ոլորտում տոտալ վերահսկողության իրավիճակը եւ չթույլատրվի նոր «խաղացողների» մուտքն այնտեղ:
Այսուհանդերձ, անալոգային հեռարձակումից թվայինին անցնելու գործընթացը մի քիչ փոխեց իրավիճակը, եւ Հայաստանն ի վերջո «Աերոսիստեմս ինտերնեյշնլ» կանադական ընկերությանը պատվիրեց հաճախականությունների աուդիտ անցկացնել: Ավելին, սույն թվականի մայիս-հունիսին, երբ քննարկվում էին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ կառավարության հաստատած թվայնացման հայեցակարգը, պատասխանատու անձինք հայտարարում էին, թե թվային հեռարձակմանն անցնելու տեխնիկական խնդիրների վերաբերյալ որոշումներն ընդունվել են հաշվի առնելով աուդիտի արդյունքները:
Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության ներկայացուցիչների այդ պնդումները եւս չէին համապատասխանում իրականությանը: Այսպես, 2010 թվականի սեպտեմբերի 15-ին մենք պաշտոնական հարցումով դիմեցինք ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին՝ խնդրելով տրամադրել հաճախականությունների աուդիտի արդյունքները: Սեպտեմբերի 28-ին ստացվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանի ստորագրությամբ պատասխան, որում ասվում էր, թե աուդիտի վերջնական հաշվետվության նախագիծը քննարկման փուլում է եւ ամփոփումից հետո արդյունքները կներկայացվեն բոլոր շահագրգիռ կազմակերպություներին:
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն երկրորդ հարցումն ուղարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու համար, թե ավարտվե՞լ են, արդյոք, փաստաթղթի քննարկումները եւ կարելի՞ արդեն ստանալ աուդիտի արդյունքները: Այս անգամ պատասխանն ավելի մանրամասն ու հստակ էր. կանադական ընկերությունը հաշվետվությունը ներկայացրել է օգոստոսի 26-ին, իսկ հոկտեմբերի 27-ին հայկական կողմը անընդունելի է համարել այն եւ ուղարկել է լրամշակման:
Եթե ուշադրություն դարձնենք նշված ամսաթվերին եւ հաշվի առնենք, որ թվայնացմանը վերաբերող քննարկումները տեղի են ունեցել մայիս-հունիսին, իսկ վերոհիշյալ օրինագիծն ընդունվել է հունիսի 10-ին, ապա ակնհայտ կդառնա, որ այդ ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նախարար Ներսես Երիցյանը, որեւէ հիմք չունեին հղում անելու հաճախականությունների աուդիտի արդյունքներին: Այսինքն, նախարարն ու մյուս պաշտոնյաները կեղծում էին, որպեսզի քննարկումները տանեն իրենց ուզած հունով:
Սակայն այսօր հետաքրքիր է մի այլ բան. ինչո՞ւ չի ընդունվել աուդիտի հաշվետվությունը եւ ի՞նչը հատկապես դուր չի եկել պետական կառույցներին: : Իսկ քանի որ նման հարցերի պատասխանները թաքնված են, ինչպես ասում են՝ յոթ փականքի տակ, ապա մենք կարող ենք ենթադրել, որ այդ աուդիտի արդյունքներն էլ իշխանությունները փորձում են համապատասխանեցնել հեռարձակման բնագավառի իրենց պլաններին:
Ընդսմին, ԽԱՊԿ-ի հարցմանը, թե Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից թվային հեռուստահեռարձակում իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությանը քանի՞ հաճախականություն է տրամադրված, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Աշոտ Վերդյանը պատասխանել է՝ 241: Արդյո՞ք դրանք թվայնացման պայմաններում ռացիոնալ կօգտագործվեն՝ ընդլայնելու համար հանրության տեղեկատվական ընտրության հնարավորությունները. ահա այս է խնդիրը:
Աշոտ Մելիքյան
ԽԱՊԿ նախագահ
Հ. Գ. Ստորեւ ներկայացնում ենք ԽԱՊԿ հարցումների եւ պետական կառույցներից ստացված պատասխանների պատճենները: