2010-ը «բարենպա՞ստ» էր ԶԼՄ-ի համար
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այսօր լրագրողներին ներկայացրեց կոմիտեի 2010 թվականի զեկույցը: Մելիքյանը նշեց, որ, 2009 թվականի համեմատ, 2010 թվականին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման որոշ տեսակներ ավելացել են, որոշները` նվազել:
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերին անդրադառնալով՝ Մելիքյանը նշեց, որ, 2009 թվականի համեմատ, 2010 թվականին վիճակը «բարենպաստ» էր:
«Բարենպաստը հարաբերական է, քանզի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մեկ դեպքը մեզ համար արտառոց է և պետք է արտառոց լինի հասարակության համար»։
Համաձայն կոմիտեի հրապարակած զեկույցի` 2010 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը 9-ն են, որոնցից միայն 5-ը՝ 2010 թվականի հունվարի 10-ին 10 ընտրատարածքներում կայացած ընտրությունների ժամանակ:
Նշենք, որ 2009 թվականին գրանցվել էր ֆիզիկական բռնության 11 դեպք: ԶԼՄ-ների և նրա աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը 2009-ի համեմատ աճել են, 2009 թվականի 14 դեպքի փոխարեն, 2010 թվականին գրանցվել է 19-ը:
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը ևս ավելացել են. 2009` 13 դեպք, 2010` 18: