ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄԸ
«2011-ի առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի ներկայացմամբ: Գործընթացը սկսվել է 2010-ի վերջին, երբ մի քանի դատական հայցեր եղան, եւ այդ ալիքն ավելի ուժեղացավ 2011-ին: Արձանագրվել է 10 դեպք, եւս 3-ը արձանագրվել էին 2010-ի վերջին եռամսյակում, երբ «Վիրավորանք» եւ «Զրպարտանք» հոդվածները ապաքրեականացվեցին»,- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացնում է այս տարվա ընթացքում արձանագրված ԶԼՄ-ների դեմ ճնշումները:
Նրա խոսքով` վերոնշյալ հոդվածների ապաքրեականացման գործընթացը բավականին դրական գնահատական ստացավ միջազգային ատյաններում եւ համարվում էր առաջընթաց: Իսկ տեղի լրագրողական կազմակերպությունները մտահոգություն հայտնեցին առ այն, որ վիրավորանքի եւ զրպարտանքի համար նախատեսված փոխհատուցման շեմը շատ բարձր է: «Դա ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն թողեց լրագրողական դաշտի վրա»,- կարծում է փորձագետը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացրած «Հայաստանում Խոսքի ազատության վիճակը եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման մասին» եռամսյակային զեկույցում իրավախախտումները դասակարգված են 3 ձեւով. ֆիզիկական բռնությունների փաստեր, ճնշումներ ԶԼՄ-ների եւ նրանց ներկայացուցիչների հանդեպ եւ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում:
«Ուրախալի է, որ այս եռամսյակում ֆիզիկական բռնություններ չեն արձանագրվել, ինչպես եւ 2010-ի վերջին եռամսյակում: Նկատվում է իրավախախտման այս տեսակի քանակական նվազում: Կարծես թե լրագրողների հետ կոնֆլիկտները բռունցքներով չեն լուծվում, այլ տեղափոխվում են դատարաններ, եւ դա բավականին դրական միտում է, ուրիշ հարց է, որ դատարանները ամենեւին էլ անաչառ չեն, դատական հակամարգը մեզանում դեռ անկախ չէ, եւ փաստորեն դատական ատյանները հաճախ դառնում են գործիք քաղաքական գործիչների ձեռքում` ԶԼՄ-ների հետ հաշվահարդար տեսնելու համար»,- ասաց կոմիտեի նախագահը:
Հատկապես Քոչարյանների ընտանիքի ակտիվացումը թերթերին դատի տալու հարցում Աշոտ Մելիքյանը գնահատեց որպես քաղաքական ճնշում ազատ խոսքի նկատմամբ:
Ընդհանուր առմամբ գրանցվել է լրատվամիջոցների դեմ ճնշումների ավելացում: Եթե 2010 թվականի վերջին եռամսյակում ընդամենը 4 ճնշման դեպք էր արձանագրվել, ապա այս եռամսյակաում դրանց թիվը հասել է 15-ի:
Այս տարի տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 4 փաստ է արձանագրվել, նախորդ տարվա վերջին եռամսյակում` 6 փաստ:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ