Պատճառն անհանդուրժողականությունն է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց 2011 թվականի առաջին եռամսյակային զեկույցը:
Մելիքյանի խոսքով, տվյալ ժամանակահատվածն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առատությամբ: ԽԱՊԿ-ն արձանագրել է 10 դատական նոր գործ, որոնք ուղղակիորեն կապված են նախորդ տարի մայիսի 18-ին ընդունված զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը վերաբերող օրինագծերի փաթեթի հետ: Բանախոսի կարծիքով, ԶԼՄ-ների հետ ծագող խնդիրներն անպայման դատական գործընթացով լուծելու միտումը պայմանավորված է ոչ այնքան օրենքի նոր դրույթների անկատարությամբ, որքան լրատվամիջոցներով հրապարակվող քննադատության նկատմամբ քաղաքական գործիչների եւ այլ պաշտոնյաների անհանդուրժողականությամբ: “Խորհելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունների նախագծերի հեղինակներն իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների ներկայացուցիչներն էին: Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնողներից շատերը նույնպես իշխող կուսակցության գործիչներ են”,- նշում է կոմիտեի նախագահը:
ԽԱՊԿ-ը դասակարգում է լրատվամիջոցների իրավունքների խախտումները. ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ, ճնշումներ` լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ: Ճնշումների առումով ` կոմիտեի արձանագրած փաստերի քանակով վիճակը տագնապահարույց է գնահատվում: Սակայն նույն ժամանակահատվածի վիճակագրության համեմատությունը դրական միտում է մատնանշում` լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների նոր փաստեր չլինելու առումով: Իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավախախտումների ցուցանիշը նվազել է: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 4 դեպք, իսկ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու` 15 դեպք, որոնցից 10-ը դատական գործեր են, որ առնչվում են զրպարտության եւ վիրավորանքի միջոցով քաղաքացու պատիվն ու արժանապատվությունն արատավորելու փոխհատուցման կարգին: Աշոտ Մելիքյանը նշում է, որ կոնֆլիկտներն այլեւս բռունցքներով չեն լուծվում, տեղափոխվել են դատարաններ: Սա, իհարկե, լավ է, սակայն այլ հարց է, որ դատարաններն անաչառ չեն եւ միայն գործիք են դառնում ճնշումներ գործադրելու առումով: Այսպիսով, 10 լրատվամիջոցներ դատական քննություն են անցնում մի օրենքով, որում սուբյեկտիվ ընկալման հարց կա: “Օրենքի ձեւակերպումն այնքան հստակ չէ, որ սուբյեկտիվ ընկալման սահմանները նեղացնի, բերի հասցնի մինիմումի, բայց մենք, այնուամենայնիվ, ասում ենք, որ օրենսդրական բացերը հիմնական պատճառը չեն, որ բերել են այս իրավիճակի, այլ մթնոլորտը, քաղաքական իրավիճակը, անհանդուրժողականությունը եւ այլն:
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ
Տես` http://report.am/news/society/ashot-meliqyan-eramsyaki-zekuyc-xosqi-azatutyun.html