Ազատության սահմանն ինքներս պիտի նվաճենք
Հայաստանյան ԶԼՄ-ները գտնվում են«կիսաազատից ոչ ազատ» վտանգավոր եզրագծում. այսօր Մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով` վերջին շրջանում ԶԼՄ-ների ոլորտում գործընթացները ռեգրեսիվ միտումներ են դրսեւորել` նկատի ունենալով մամուլի ազատության մակարդակը, օրենսդրական դաշտի վատթարացումը, լրագրողական համայնքում առկա պառակտվածությունը եւ այլն:
Աշոտ Մելիքյանը մտահոգիչ համարեց հատկապես տպագիր մամուլի դեմ վերջին շրջանում նկատվող դրսեւորումները քաղաքական շրջանակների կողմից, ինչը ցույց է տալիս, որ քաղաքական շրջանակներում այնքան էլ հանդուժող չեն մամուլի ու քննադատության նկատմամբ եւ ցանկանում են ավելի կառավարելի դարձնել մամուլը:
Իսկ լրագրողական համայնքի ամենամեծ խնդիրը Մելիքյանը համարում է պառակտվածությունը: Ըստ նրա` այսօր դա հասել է գագաթնակետին. «Մեր լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը դարձել է քաղաքական համակարգի մաս եւ սպասարկում է տարբեր քաղաքական ու տնտեսական շրջանակներ: Ցավոք, լրագրողներն էլ են ընդունում այն խաղի կանոնները, որոնք պարտադրվում են»:
«Ամեն մարդ իր ազատության սահմանն ինքն է որոշում, որեւէ մեկը չի կարող լրագրողին պարտադրել` չգրել որեւէ նյութ: Եթե ինքը չի անում, ուրեմն հարմարվում է իրեն պարտադրված շրջանակներին, որ գծել են խմբագիրները: Բայց ես միշտ զարմանում եմ, որ դուք չեք ըմբոստանում ձեր խմբագիրների դեմ, որովհետեւ այդ ազատության սահմանը ինքներդ պետք է նվաճեք»,- ասաց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ այսօր լրատվամիջոցների առջեւ ծառացած թիվ 1 խնդիրը պետական կառույցների փակ լինելն է. նրանցից անհնար է ինֆորմացիա ստանալ, մանավանդ եթե հարցերը կապված են լինում կոռուպցիոն գործարքների, ինչ-որ մարդկանց ունեցվածքի հետ:
Անդրադառնալով ՄԻՊ-ի ցանկությանը` պաշտպանել լրատվամիջոցներին, Է. Բաղդասարյանը նշեց. «Ես ընդհանրապես դեմ եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը զբաղվի լրատվամիջոցների պաշտպանությամբ: Ինչ է, մենք այդքան թո՞ւյլ ենք. էնքան սոցիալապես անապահով խավեր կան… Ամեն օր Հայաստանում մարդկանց իրավունքներ են ոտնահարվում ոստիկանությունում, բանտերում, թող գնա դրանով զբաղվի»: