Մոնիտորինգ. Որքանո՞վ են թափանցիկ պետական մարմիների կայքերը
Հայաստանի պետական մարմիների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին մոնիտորինգ է անցկացրել։ Մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ այդմ, ուսումնասիրվել են պետական մարմինների 39 կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի։ Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների 24 կայքեր։ Երրորդ խմբում Հայաստանի 10 մարզերի պաշտոնական կայքերն են, երրորդում՝ Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության կայքերը։ Գնահատման չափորոշիչներ են դարձել տեղեկությունների քանակական եւ որակական բնութագրչները՝ տեղեկատվության ամբողջականություն, հրատապություն, մատչելիություն եւ այլն։ Կայքերի դիտարկումն անցկացվել է 177 չափորոշիչներով, որոնցից՝ 150-ը՝ բովանդակային, 27-ը՝ տեխնիկական։
Այսպիսով, 2011 թվականի ապրիլի դրությամբ ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, ինչպես նաեւ մարզերի պաշտոնական կայքերի տեղեկատվական թափանցիկության վարկանիշները հետեւյալն են՝ Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ 46, 96 տոկոս, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 45,85 տոկոս, Գյուղատնտեսության նախարարություն՝ 40,30 տոկոս։ Վերջին տեղում Պետական եկամուտների կոմիտեի կայքն է՝ 4,17 տոկոս ցուցանիշով։ Հայաստանի ԱԱԾ կայքը վարկանիշային ցուցակում ներառված չէ, քանի որ վերջինս իր էությամբ փակ կառույց է։ Դիտարկված չէ նաեւ ԱԻՆ-ը, քանի որ գերատեսչությունը կայք չունի։ Երրորդ խմբի՝ Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության կայքերի համար վարկանիշային ցուցակ չի կազմվել։ Աղյուսակում պետական կառավարման մարմիները ներկայացված են ըստ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված աստիճանակարգի՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայք՝ 33,03 տոկոս, ԱԺ կայք՝ 48, 39 տոկոս, Կառավարություն՝ 42, 65 տոկոս, Սահմանադրական դատարան՝ 43,22 տոկոս եւ ՀՀ դատախազություն՝ 56,88 տոկոս։
Մարզպետարանների կայքերից առաջին տեղում Արմավիրի, երկրորդում Սյունիքի, երրորդում՝ Արագածոտնի մարզերի կայքերն են։