ՊԵԿ-ինը տարօրինակ է, ԱԻՆ-ը չունի, իսկ ամենալավը Գլխավոր դատախազությանն է. Մոնիտորինգ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետազոտել է 39 կայք և եկել եզրահանգման` մարդկանց համար մատչելի է Գլխավոր դատախազության կայքը, որը մոնիտորինգի ենթարկված մյուս կայքերից առաջ է 56,88 տոկոս ցուցանիշով:
Այսօր ասուլիսում ներկայացնելով այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրած մոնիտորինգի արդյունքները` կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն ասաց, որ 5 պետական կառավարման մարմիններից 48,39 տոկոս ցուցանիշ ունի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը , 43,22 տոկոսանոց ցուցանիշ ունի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջը, այնուհետև այս ցանկը լրացնում են Կառավարության (42,65%) ու Հայաստանի նախագահի (33,3%) կայքերը:
Կոմիտեի մասնագետների կողմից մոնիտորինգի ենթարկված կայքերից 24-ը նախարարությունների ու կառավարության առընթեր մարմինների կայքերն են: Այս խմբում առաջին տեղում է տրանսպորտի և կապի նախարարության կայքէջը, որին հաջորդում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջը, իսկ երրորդում գյուղատնտեսության նախարարությունն է:
«Եթե վերցնենք բացարձակ տոկոսը, ապա մեր լիդերները նույնիսկ կիսով չափով չեն համապատասխանում, այսինքն` աշխատանք շատ կա: Կարծում եմ` նրանք կվերակառուցեն իրենց կայքերն ավելի բովանդակալից դարձնելու համար», հայտարարեց Աշոտ Մելիքյանը ու թվարկեց հաջորդ երեքին` Անշարժ գույքի կադաստրի կոմիտե, Կրթության, գիտության նախարարություն և էկոնոմիկայի նախարարություն:
Պետական եկամուտների կոմիտեի կայքէջը, որը Մելիքյանի խոսքով, «ամենավատ վիճակում է ու տարօրինակ տպավորություն է թողնում», կատարելագործման կարիք ունի: Իսկ ինչ վերաբերում է չուսումնասիրված կայքէջերին դրանք երկուսն են` Ազգային անվտանգության ծառայության կայքէջը, որը հարգելի պատճառով (գաղտնի մարմին է) չի ուսումնասիրվել և երկրորդը Արտակարգ իրավիճակների կայքջը: պատճառը մեկն է` այս վերջինն ընդհանրապես պաշտոնական կայք չունի:
Մելիքյանի խոսքով, կազմվել են վարկանշային ցուցակներ, և յուրաքանչյուր կայք հետազոտվել է ինֆորմացիայի` մատչելիության, հագեցվածության, ամբողջականաության, հրատապության և այլ չափանիշներով համապատասխանող 177 չափորոշիչների հիման վրա: Մասնագետի խոսքով, 177 -ից 150-ը բովանդակային են, մնացածը` տեխնիկական:
Աղբյուր` Panorama.am
Տես` http://www.panorama.am/am/society/2011/05/20/monitoring-results/