Պետմարմինների ոչ թափանցիկ կայքերը
Պետական մարմինների ինտերնետային կայքերը անհրաժեշտ ինֆորմացիան պարունակելու տեսանկյունից նույնիսկ կիսով չափ թափանցիկ չեն: Այս եզրակացությանն են եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետները այս տարվա փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում արված հետազոտության արդյունքում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց, որ ուսումնասիրվել է 39 կայք, որից 24-ը նախարարությունների եւ կառավարությանն առընթեր հիմնարկների կայքերն են, 10-ը` հանրապետության մարզպետարաններինը, իսկ երրորդ խմբում են ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի եւ գլխավոր դատախազության կայքերը:
Տեղեկատվության տրամադրման թափանցիկությունը գնահատելու համար ընտրվել է 177 չափորոշիչ, որոնցից միայն 27-ը վերաբերել են տեխնիկական մասին, իսկ մյուսները` բովանդակային: Գնահատվել է կայքերի` պահանջված տեղեկություններ պարունակելը, դրանց ամբողջականությունը, ժամկետայնությունն ու մատչելիությունը. «Մատչելիությունը տեխնիկական բնույթ ունի. հաշվարկվել է, թե քանի քլիքի միջոցով ես հասնում պահանջված ինֆորմացիան պարունակող էջին»:
Հետազոտության մեթոդաբանությունը վերցվել է Սանկտ Պետերբուրգի համանման հետազոտություններ իրականացնող կազմակերպությունից, այն մշակվել եւ հարմարեցվել է տեղի օրենսդրական պահանջներին:
Ա. Մելիքյանը նշեց, որ պետական կառույցներից ինֆորմացիա ստանալու` քաղաքացու իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ, եւ այն ինֆորմացիան, որը տնօրինում են պետմարմինները, հանրային սեփականություն է: Սա, իհարկե, մասամբ միայն տեսականորեն:
Այսպիսով` ինֆորմացիոն թափանցիկության տեսանկյունից վերոհիշյալ կայքերի առաջին խմբի առաջին տեղերում են տրանսպորտի եւ կապի (46.96 տոկոս), աշխատանքի եւ սոցիալական հարցերի (45.85 տոկոս) եւ գյուղատնտեսության (40.3 տոկոս) նախարարությունները:
Վերջին տեղում է պետեկամուտների կոմիտեի կայքը (4.17 տոկոս): «ՊԵԿ-ի կայքը տարօրինակ տպավորություն է թողնում, այն, կարծես, մեխանիկորեն միացնում է հարկային եւ մաքսային ծառայությունների կայքերը, որոնք, ի դեպ, առանձին վերցված ավելի բարձր ցուցանիշներ ունեն, բայց դրանք ՊԵԿ-ից առանձին միավորներ չեն»,- նշեց Ա. Մելիքյանը:
Չեն դիտարկվել արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քանի որ այն գոյություն չունի, եւ ազգային անվտանգության ծառայության կայքը: «ԱԱԾ-ն ինքնին փակ կառույց է, բազմաթիվ են պետական գաղտնիքները, եւ համեմատելի չէ պետական մյուս մարմինների կայքերի հետ»,- ասաց Ա. Մելիքյանը:
Մարզերի պաշտոնական կայքերից ինֆորմացիոն թափանցիկության առումով առաջին տեղում են Արմավիրինը (30 տոկոս), Սյունիքինը (29 տոկոս), Արագածոտնինը (27.17 տոկոս): Վերջին տեղերում են այն կայքերը, որոնք չեն բացվում` Գեղարքունիքի եւ Արարատի մարզեր:
Երրորդ խմբի կառույցների կայքերի արդյունքները հետեւյալն են` ՀՀ նախագահ 33.03 տոկոս, ԱԺ` 48.39, կառավարություն` 42.65, ՍԴ` 43.22 եւ դատախազություն` 56.88:
Ա. Մելիքյանը ընդգծեց, որ դատախազության կայքը միակն է, որը հատում է տեղեկություններ պարունակելու 50 տոկոսը, թեեւ, ընդհանուր առմամբ, սա էլ դրական ցուցանիշ չէ: