Ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանին հեռախոսով վիրավորել եւ նույնիսկ տեղեկանալուց հետո, որ խոսակցությունը ձայնագրվում է, նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ է «շռայլել» ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը,մտածելու տեղիք տվեց ոչ միայն վերջինիս վարվեցողությունն ու բառապաշարը, այլեւ լրագրողի վարքը՝ խնդրին միակողմանիորեն չմոտենալու տեսանկյունից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իրեն հետաքրքրող հարցով լրագրողը պատգամավորին կարող էր զանգահարել ո´չ վերջինիս բջջայինի համարով, այլ ասենք՝ ինչ-որ գրասենյակի, որտեղ հավանական է, որ նա գտնվեր: Բայց քանի որ Գրիշա Բալասանյանը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի բջջայինի համարով՝ չենթադրելով, որ նա գուցե տվյալ պահին «առողջական խնդիրներ» է ունեցել, «լարված եւ նյարդային վիճակում» է եղել, «հանգամանքների բերումով առաջացել է նաեւհուզմունք», ուստի այս պատճառով էլ պատգամավորը «չտիրապետելով իրեն,արտահայտություններ» է արել (մեջբերումները դատական նիստի ընթացքում նրափաստաբանի խոսքից են):
Այս առիթով «Հետքի» լրագրողի հայցադիմումն, ընդդեմ ԱԺ պատգամավոր ՌուբենՀայրապետյանի, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանի վարույթում է, գործը քննության ընթացքում է: Լրագրողը դատարանից պահանջումէ պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրելու եւ վճարելուփոխհատուցում: Ռեալիստորեն տրամադրված՝ սպասենք-տեսնենք, թե ինչ վերջաբան կարձանագրվի:
Ավաղ, այս միջադեպը պատգամավոր-լրագրող հարաբերության մեջ միակը չէ:
Օրեր առաջ լրագրողի նկատմամբ անհանդուրժողականության նույնաբնույթ վարքագիծ դրսեւորեց ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Սաշիկ Սարգսյանը (նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը): Այս դեպքում՝ «առողջական խնդիրները», «լարված եւ նյարդային վիճակը», «միգուցե,չտիրապետելով իրեն, արտահայտություններ անելը» մեկտեղվել են ԱԺ միջանցքում, երբ «Հրապարակ» թերթի թղթակից Մարինե Խառատյանը մոտեցել եւ պատգամավորին հարցրել է,թե արդյոք նա պատրաստվում է առաջադրվել գալիք խորհրդարանական ընտրություններում: Քանի որ այս իրավիճակում չի եղել հեռախոսային անջրպետ, պատգամավորը խլել է լրագրողիձայնագրիչը, նրան անվանել «լկտի» եւ ասել. «Ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս»: Պարզաբանում լսելուց հետո էլ չի վարանել եւ, փաստորեն, «չտիրապետելով իրեն»… Մնացածը հայտնի է՝ անկաշկանդ արտահայտվել է անպարկեշտ բառապաշարով…
Ի դեպ, այս պատգամավորն անցած տարի սեպտեմբերին էլ ԱԺ բուֆետում բղավելովհարձակվել էր «Հայկական ժամանակի» թղթակից Լուսինե Բարսեղյանի վրա, երբ վերջինսփորձել էր լուսանկարել ներկա պատգամավորներին:
Ակնհայտ է, որ պատգամավոր-լրագրող «շփման գոտում» հետաքրքրասեր լրագրողների հարցերին հայհոյանքներով պատասխանելու դեպքերը ավելի հաճախակի են դառնում: Եվ եթե լրագրողների հատաքրքրասիրությունը, ոմանց համար անցանկալի հարցեր ուղղելը բացատրվում է զուտ մասնագիտության պահանջներով, ապա մեր «ընտրյալ» օրենսդիրների հայհոյախոսելու սովորությունը ոչ մի արդարացված բացատրություն չունի, բացի այն, որ վկայում է անձի բարեկրթության աստիճանի մասին: Այս առիթով մասնագետները գտնում են, որ անձը բարեկրթությանը պետք է հաղորդակից դառնա դեռեւս օրորոցայինի մեղեդիների ներքո:
«Հայհոյախոսությունը եւ նման բնույթի այլ արատներ պայմանավորված ենառավելապես անհատի վատ դաստիարակությամբ, մտքի աղքատությամբ, հոգեկանոլորտի սնանկությամբ եւ անորակ ու հիվանդագին ժառանգականառանձնահատկություններով»,- ասել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը։
Իսկ պլատոնական ուսմունքի համաձայն՝ արտաբերված ձայնը կամ խոսքը չի կորչում, այլշրջում է տիեզերքում եւ որոշ ժամանակ անց վերադառնում արտաբերողին։
Արդյո՞ք այս ամենը հայտնի է մեր ոչ այնքան կրթյալ օրինաստեղծներին: Եթե ոչ, ապա հայտնում ենք նրանց՝ ի գիտություն: Իսկ եթե այո, ապա դարձյալ մնում է անհասկանալի, թե ինչու են նրանք հայհոյում լրագրողներին: Չէ՞ որ վերջիններս իրենց մասնագիտական պարտականությունն են կատարում, ասել է թե՝ ե´ւ հարց տալու իրավունք ունեն, ե´ւ լուսանկարելու, ե´ւ անգամ «պատուհանից ներխուժելու», եթե հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց պետք է պարզել: Իսկ Ազգային ժողովի աշխատանքները, հայտնի է,լուսաբանում են նախեւառաջ հավատարմագրված լրագրողները: Եւ եթե լրագրողն արդեն այդ շենքում է, ուրեմն պարտավոր է իր գործն անել…