Հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանը դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար, այն է՝ քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժել «ԳԱԼԱ»-ի հեռարձակող սարքավորումները: Հիմք է ծառայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքի մերժումը, որով ուժի մեջ է մնում ՀՀ վերաքննիչ դատարանի, հօգուտ Գյումրու քաղաքապետարանի, ապրիլի 26-ին կայացրած վճիռը:
Մենք` ներքոստորագրյալներս, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դիտարկում ենք որպես «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ 2007 թվականից սկսած` իշխանական տարբեր ատյանների նախաձեռնած ճնշումների տրամաբանական շարունակություն, որն ըստ էության` խոսքի ազատության դեմ ուղղված արշավ է: Հատկանշական է, որ որոշումը կայացվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի այն որոշումից կարճ ժամանակ անց, ըստ որի` Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոդատարանի վճիռը, և գործընթացը համարվում է փակված: Ցավոք, իրականացան մեր հոռետեսական կանխատեսումները, եւ միջազգային ատյանի այդ որոշումը, փաստորեն, լիովին ազատ արձակեց հայաստանյան իշխանությունների «ձեռքերը»` լռեցնելու իրենց համար անցանկալի նաեւ մյուս լրատվամիջոցներին՝ ինչպիսին է «ԳԱԼԱ»-ն:
Մենք՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, շարունակելու ենք սատարել «ԳԱԼԱ»-ին եւ կոչ ենք անում իշխանություններին ձեռնպահ մնալ ազատ խոսքի եւ բազմակարծության դեմ իրականացվող ոտնձգություններից՝ հատկապես համապետական ընտրությունների նախաշեմին, երբ չափազանց կարեւոր է տեղեկատվության դաշտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԿ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ