Խոսքի ազատության վիճակը երկրորդ եռամսյակում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրել է Հայաստանում խոսքի ազատության վիճակը և ԶԼՄ-ների իրավունքների խախտումները 2011 թվականի երկրորդ եռամսյակում:
Ըստ զեկույցի` երկրորդ եռամսյակում 2011թ. առաջին եռամսյակի համեմատ ֆիզիկական բռնության երկու դեպք է արձանագրվել, որոնցից մեկը Հրապարակ թերթի դեմ «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի դեպքն է, որի արդյունքում թերթի խմբագիրը մարմնական վնասված է ստացել, որից հետո Մարգարիտա Խաչարտյանը անհրաժեշտ համարեց հայց ներկայացնել դատարան` ընդդեմ օրաթերթի:
Մյուս աղմկահարույց դեպքը կապված է Արարատ ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի հետ, ով բռնություն էր գործադրել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի նկատմամբ։
«Ցավով եմ արձանագրում, որ այս բռնություններ կիրառողների մեծամասնությունը ոչ թե քաղաքական գործիչներ են կամ ոստիկաններ, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ մեր հասարակություն մեջ խոսքի, քննադատության հանդեպ հանդուրժողականությունն առայժմ շատ ցածր մակարդակի վրա է», ասել է Աշոտ Մելիքյանը:
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով, առաջին եռամսյակի չորսի դիմաց երկու դեպք է արձանագրվել, լրագրողների նկատմամբ ճնշումների 6 դեպք է գրանցվել նախորդ եռամսյակի հինգի փոխարեն: ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ գրանցվել է ճնշումների վեց դեպք, ընդ որում` դրանցից չորսը դատական գործեր են, իսկ երկուսն այլ տիպի ճնշումներ, այդ թվում` պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հայհոյանքը և գոռգոռոցը լրագրողի նկատմամբ, և Իրավունք թերթի թղթակից Գայանե Զարգարյանի դեպքը, երբ օրեր և շաբաթներ շարունակ զգացել է, որ նույն մեքենան և նույն մարդը հետևում է իրեն և զգացել է ինչպես են լիցքավորում զենքը: Թերթը դիմել է իրավապահ մարմիններ համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար:
Աշոտ Մելիքյանը անդրադարձել է վերջին շրջանում Եհովայի վկաների դատական հայցերին` ընդդեմ Հանրային հեռուստատեսության և Շանթ հեռուստատեսության:
Զեկույցում տեղ է գտել նաև միջազգային կազմակերպությունների գնահատականը այս եռամսյակի վերաբերյալ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումը, ըստ որի A1plus-ի հետ կապված գործը կարելի է փակված համարել: