Լրագրողների եւ լրատվամիջոցների համար 2011թ երկրորդ եռամսյակը մտահոգիչ էր. Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտե
Հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար 2011թ երկրորդ եռամսյակը մտահոգիչ ժամանակահատված էր, նրանք աշխատում էին բարդ պայմաններում: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով խոսքի ազատության վիճակի վերաբերյալ եռամսյակային զեկույցը: 2011թ երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ 10 նոր իրավախախտում է գրանցել:
Ըստ այդմ` եթե 2011թ առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ոչ մի դեպք չէր արձանագրվել, ապա երկրորդ եռամսյակում դրանք երկուսն էին: Լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները առաջին եռամսյակի 15-ի փոխարեն նվազել են` հասնելով 6-ի: Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա երկրորդ եռամսյակում դրանք երկուսն էին` նախորդ եռամսյակի 4-ի փոխարեն:
«Որպես կանոն` լրատվամիջոցները պարտվում են, բայց դրական է այն, որ մեկ դեպքում դատարանը մերժել է պատգամավորի հայցն ընդդեմ լրատվամիջոցի, իսկ մեկ դեպքում էլ բավարարել է մասամբ»,- ասաց նա: (Առաջին դեպքում խոսքը «Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունքի» գործի մասին էր, իսկ երկրորդը` «Արզաքանցյանն ընդդեմ «Երկիրի»- NEWS.am):
Խոսելով իրավական դաշտում կատարված փոփոխությունների մասին` նա ուշադրությունը հրավիրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններին, որոնցով վերացվել է «հովանոցային» կամ «թաքնված» գովազդի արգելքը. «Փաստորեն, կանաչ լույս բացվեց, օրինակ` օղու գովազդի համար, ինչը ցավալի երեւույթ էր, որովհետեւ այդ գովազդի սահմանափակումը հօգուտ հանրության էր: Փոփոխությունների արդյունքում գովազդի ծավալը 1 եթերային ժամի ընթացքում ավելացավ`10-ից դառնալով 14 րոպե: Ըստ էության` օրինականացվեց այն, ինչ առաջ արվում էր անօրինական ձեւով»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո ստեղծված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման աշխատանքային խմբին` նա նշեց, որ մտահոգիչ է այն, որ ՄԻՊ-ը «դեռ հում վիճակում օրինագիծ է ուղարկել ԱԺ եւ այն լրագրողական կազմակերպությունները, որոնք աշխատել էին օրինագծի վրա, հայտարարել էին, որ այդ ձեւով օրինագիծը իրավունք չունի քննարկվի», այնուհանդերձ, ԽԱՊԿ-ը կհետեւի գործընթացներին: