Վերջին եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության 2 դեպք է գրանցվել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրեց լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին հերթական եռամսյակային (2011թ. ապրիլ-հունիս) զեկույցը:
Լրագրողների եւ լրատվամիջոցների բռնության երկու դեպք է գրանցվել՝ “Զինվոր” ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հարձակումը “Հրապարակ” օրաթերթի խմբագրության վրա եւ “Արարատ” ֆուտբոլային ակումբի մարզիչ Արկադի Անդրեասյանի բռնությունը ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի նկատմամբ: ԽԱՊԿ նախագահի խոսքով, այս եռամսյակում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մեծ մասի հեղինակը ոչ թե քաղաքական, պետական գործիչները կամ իրավապահներն են, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունում խոսքի, քննադատության հանդեպ հանդուրժողականությունը ցածր մակարդակի վրա է:
ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների վեց դեպք է արձանագրվել, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 2 դեպք: