Ինչպես այս տարեսկիզբը նշանավորվեց հայտնի քաղաքական գործիչների կամ նրանց շրջապատի կողմից լրատվամիջոցների նկատմամբ ներկայացված դատական հայցերի աննախադեպ շքերթով, ճիշտ նույնկերպ հունիս ամիսն սկսվեց հանրության ուշադրության կենտրոնում հայտնված այդ գործերի դատական վճիռների հրապարակմամբ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին եւ 9-ին մեկը մյուսին հաջորդեցին «Ժամանակ» օրաթերթի եւ Բելլա ու Սեդրակ Քոչարյանների, «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանի եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, «Երկիր» օրաթերթի եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի, «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի միջեւ ծագած դատական վեճերի՝ այս պահի հանգուցալուծումները: Վերջին գործի առնչությամբ սպասվում էր թերթի՝ վերաքննիչ բողոքի վճիռը: Ինչպես եւ կանխատեսում էինք՝ դատական թնջուկներից ծնունդ առած այս վճիռները կայացվեցին ի շահ այն կողմի, որն առավել ծանր է կշռում՝ իր ունեցած իշխանական եւ/ կամ ֆինանսական լծակներով:
Եվ այսպես՝ Քոչարյանների հայցը բավարարվեց մասամբ. նրանց հասցված վիրավորանքն ու զրպարտությունը գնահատվեց առավելագույն` 3 միլիոն դրամի չափով, բայց մերժվեց փաստաբանական ծախսերի համար նրանց ակնկալած մյուս 3 միլիոն դրամը: Տիգրան Արզաքանցյանի հայցը եւս բավարարվեց մասամբ. նրա չհանդուրժած վիրավորանքը գնահատվեց 200 000 դրամ (իր ակնկալած 3 միլիոն դրամի փոխարեն), փաստաբանական ծախսը՝ 80 000 դրամ (568 000 դրամի փոխարեն), եւս 8 000 դրամ էլ՝ որպես պետական տուրք: ԱԺ երեք պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական ժամանակի», առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր՝ թերթին պարտավորեցնելով երեք պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ (ընդհանուր` 6 միլիոն 132 000 դրամ), հունիսի 9-ին հրապարակված վճռով թերթի վերաքննիչ բողոքը մերժվեց: Իսկ ահա այն իրավիճակում, երբ պատգամավորն էր վիրավորել լրագրողի արժանապատվությունը՝ նրան հայհոյելով, փաստորեն, այս վիրավորանքը դրամական արժեք չստացավ. մերժվեցին լրագրող Գրիշա Բալասանյանի՝ ե´ւ քրեական, ե´ւ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու հայցերն՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:
Թվարկվածից՝ «Երկիր» օրաթերթի դեմ կայացված վճիռը, գուցե եւ, կարելի է համարել փոքր-ինչ մխիթարական՝ զուտ լրատվամիջոցից պահանջված գումարի չափի առումով (288 000 դրամ՝ 3 միլիոնի փոխարեն), սակայն՝ միայն առաջին հայացքից: Փաստն այն է, որ այս ամենն առավել տեսանելի է դարձնում բազմիցս մատնանշված այն հանգամանքը, որ մեր իրականությունում դատական համակարգը վերածվել է քաղաքական ուղղակի կամ անուղղակի պահանջների կատարածուի: Բացի այս, անկախ քաղաքական դաշտում ունեցած տարիների փորձառությունից, հանրային ճանաչում ստացած որոշ գործիչներ այդպես էլ չեն կամենում կամ կարողանում փորձառություն ձեռք բերել՝ լրագրողների եւ լրատվամիջոցների հետ քաղաքակիրթ շփման մեջ եւ ծայրաստիճան զգայուն են իրենց հասցեին հնչող որեւէ քննադատության նկատմամբ, ինչի արդյունքն էլ դառնում է անցանկալի լրատվամիջոցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելը՝ դատական իշխանության կիրառմամբ: Այս գործընթացի տխուր շարունակությունը կարող է լինել այն, որ ինքնագրաքննության մեջ հայտնված յուրաքանչյուր լրագրող կամ լրատվամիջոց, գուցե թե, ավելի երկար մտատանջությունների մեջ ընկնի՝ անգամ սեփական տեսակետը, կարծիքը, եզրահանգումը կամ վերլուծությունը հրապարակելուց առաջ: Եվ դա էլ, գուցե թե, առավել միագույն դարձնի ինտերնետային ու տպագիր մամուլը՝ ինչպիսին է հայկական գորշ հեռուստաեթերը: Այս ամենի վերջնանպատակն էլ, գուցե, հենց դա է…
Աննա ԱԼՈՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ