Հավանաբար, մոտ ժամանակներս հեռուստադիտողին ավելի նկատելի կլինի գովազդի գերառատությունը հայկական հեռուստաալիքների եթերում: Մայիսի 26-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ու «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, ինչի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաեւ՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի գովազդի ծավալը՝ 10-ից դարձնելով 14 րոպե:
Ինչպես եղել է նախկինում՝ այս անգամ եւս հեռարձակման ոլորտին վերաբերող օրինագծերն ընդունվեցին չափազանց հապճեպ. փաստաթղթերն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 25-ին, եւ հենց հաջորդ օրը խորհրդարանն այն հաստատեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Եվ կրկին՝ առանց հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու, թեեւ իշխող վերնախավի ներկայացուցիչների հետ ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն այն մասին, որ ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող որեւէ օրինագիծ չի ընդունվելու՝ առանց լրագրողական միավորումների հետ համատեղ քննարկման:
Տվյալ դեպքում այս մասին, գուցե եւ, կարելի էր չհիշել, եթե խորհրդարանն օրենսդրական փոփոխությունները կատարեր՝ հաշվի առնելով հեռուստալսարանի պահանջմունքները կամ հանրային կարծիքի ուսումնասիրման տվյալները, որոնք ցույց կտային, որ, ասենք, քաղաքացիների մեծամասնության համար գովազդի ներկայիս մակարդակն առնվազն մերժելի չէ: Մինչդեռ մեր դիտարկումների եւ գործընկեր կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ հայկական հեռուստաալիքները (ե´ւ հանրային, ե´ւ մասնավորներից շատերը) ակնհայտորեն խախտում են օրենքով սահմանված նորմերը, եւ եթեր հեռարձակված գովազդը չափազանց ձանձրալի է հեռուստադիտողի համար՝ թե´ բովանդակությամբ եւ թե´ ծավալով:
Այս պայմաններում օրենսդրական նախագծերի ընդունումը, որով, ըստ էության, հեռուստաընկերություններին «քարտ-բլանշ» է տրվում՝ գովազդի համար, նշանակում է հանրային կարծիքի եւ շարքային հեռուստադիտողի շահերի լիարժեք անտեսում՝ հանուն առանց այդ էլ ո´չ քիչ շահույթի աճի: Հասկանալի է, որ նման փոփոխությունները կարող էին հովանավորվել ամենից առաջ այն օլիգարխիկ-քաղաքական խմբերի կողմից, որոնք կանգնած են, այսպես կոչված, «վարկանիշային» հեռուստաալիքների թիկունքում եւ որոնք էլ, փաստորեն, թույլ էին տալիս նրանց օրենքով նախատեսվածից ավելի մեծ ծավալով գովազդ հեռարձակել:
Այս իմաստով՝ ընդունված փոփոխություններով պարզապես օրինականացվեց այն, ինչն առկա էր դե-ֆակտո: Այսինքն՝ հերթական անգամ օրենքը հարմարեցվում է շահագրգիռ շրջանակներին: Բայց արդյո՞ք վերջիններիս աճող ախորժակը սրանով կգոհանա: Օրենքի պահանջների ՝ գոյություն ունեցող կամայական կիրառման պրակտիկան ստիպում է այս հարցում թերահավատ լինել: Ամեն դեպքում, չկա որեւէ երաշխիք, որ շուտով որոշ հեռուստաալիքներ չեն հատի նաեւ 14 րոպեի սահմանը:
Ընդ որում՝ միանգամայն անպատիժ՝ ինչպես եղել է անցած տարիներին:
Սակայն եթերում գովազդի հոսքի ավելացմանը, գուցեեւ, կարելի էր ավելի հանգիստ վերաբերվել, եթե դա որեւէ կերպ դրականորեն անդրադառնար հեռուստահաղորդումների բովանդակությանը, բարձրացներ դրանց որակը, ձեւավորեր բազմակարծություն: Քանի որ դա տեղի չի ունենում, ուստի հեռուստաընկերության գործունեության ֆինանսական շահույթը դառնում է ինքնանպատակ: Իրադարձությունների նման զարգացման հետեւանք կարող է լինել այն, որ հեռուստալսարանի զգալի մասը կհիասթափվի նույն այդ «վարկանիշային» հեռուստաալիքներից եւ կսկսի փնտրել այլընտրանք: Թեեւ ընտրելու տարբերակ էլ առանձնապես չկա… Երկրի քաղաքացիների զգալի մասը հնարավորություն չունի ձեռք բերելու արբանյակային ալեհավաք կամ օգտվելու մալուխային ցանցերից: Իսկ հեռարձակման արտոնագիր ստացած հեռուստաընկերությունների մեծամասնությունը հեռուստադիտողին հետաքրքրող շատ քիչ բան կարող է առաջարկել:
Ի դեպ, հեռուստաընկերության գործունեության մարդասիրական ասպեկտների հաշվին՝ ծայրաստիճան առեւտրայնացման, խոսքի ազատության եւ բազմակարծության մակարդակի իջեցման վտանգների մասին բազմիցս նշել են միջազգային կազմակերպությունների՝ Եվրոպայի խարհրդի եւ ԵԱՀԿ փորձագետները: Մասնավորապես՝ այդ մասին էր խոսվում նաեւ ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցչի նախաձեռնությամբ պատրաստված` պրոֆեսորներ Քեթրին Նայման-Մետկալֆի եւ Անդրեյ Ռիխտերի ՝ Հայաստանում թվային հեռարձակման անցման հայեցակարգի վերլուծության մեջ: Սակայն, երկրի իշխանությունները, շատ այլ առաջարկների նման, սրանք եւս անտեսեցին:
Ընդունված փաթեթը տարակուսանք է առաջացնում նաեւ այն պատճառով, որ երկրի ղեկավարի նախաձեռնությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո ստեղծված՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման աշխատանքային խումբը դեռեւս չի ավարտել իր նախագծի պատրաստումը, իսկ խորհրդարանը շարունակում է փոփոխություններ մտցնել՝ սեփական հայեցողությամբ: Ընդ որում՝ իշխանությունները փչացնում են հեռարձակման օրենսդրությունը՝ ավելի արագ, քան փորձեր են արվում այն փրկելու ուղղությամբ:
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
ԽԱՊԿ նախագահ