Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո 29 դատական հայց է գրանցվել`
ընդդեմ լրատվամիջոցների. Աշոտ Մելիքյան
Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 29 դատական հայց, որոնցից 11-ը` 2011-ի երրորդ եռամսյակում, ըստ որում` որպես կանոն, մի քանի միլիոն դրամի հասնող փոխհատուցման պահանջով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ներկայացնելով հուլիս-սեպտեմբեր եռամսյակային զեկույցը` նա նշեց, որ զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների համար հիշյալ ժամանակաշրջանը լարված է եղել: «Եթե հաշվի առնենք, որ հայցերի հեղինակները նաեւ քաղաքական գործիչներ են, ովքեր հետամուտ են, որ լրատվամիջոցները պատժվեն, մենք դա դիտում ենք որպես քաղաքական ճնշում», – հայտարարեց Աշոտ Մելիքյանը:
Լրատվամիջոցների համար նորմալ պայմաններ ապահովելու համար, Աշոտ Մելիքյանի խոսքով, պետք է դատական համակարգում իրականացնել լուրջ բարեփոխումներ եւ այն դարձնել անկախ: Նրա դիտարկմամբ` լրատվամիջոցների դեմ գործընթացը բերում է նրանց համար ֆինանսական ծանր հետեւանքների, թերթը կանգնում է սնանկացման եզրին:
Անդրադառնալով լրատվամիջոցների եւ դրանցի աշխատակիցների նկատմամբ ճնշումներին` Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հաճախ ձեռնպահ են մնում իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի հրապարակայնացումից, անտեսում են իրենց ուղղված տարաբնույթ սպառնալիքները կամ նախընտրում են ինքնուրույն լուծել ծագող խնդիրներն ու հաղթահարել ապօրինի սահմանափակումները: «Լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն այս տարվա առաջին եռամսյակում հասել են 15-ի, երկրորդ եռամսյակում գրանցվել է 6, իսկ երրորդում` 12 դեպք: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների դեպքերը 2011-ի առաջին եռամսյակում կազմել են 4, երկրորդ եռամսյակում` 2 դեպք, իսկ երրորդ եռամսյակում նման դեպքեր առհասարակ չեն գրանցվել»,- եռամսյակային զեկույցն ամփոփեց Մելիքյանը: