Մշակույթի նախարարության կայքը ամենախղճուկն է. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011թ. իրականացրել է Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ` դրանց թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով:
Մոնիտորինգի մեթոդաբանությունը մշակել է Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական ազատության զարգացման ինստիտուտը:
Հետազոտությունն անցել է երկու փուլով` փետրվարի 1-ից ապրիլի 30-ը և հուլիսի 1-ից հոկտեմբերի 15-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով` հետազոտությունը թույլ է տալիս պարզել, թե որքանով են թափանցիկ աշխատում նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, մարզպետարանների և այլ պետական կառույցների կայքերը:
«Երկրորդ փուլից հետո նկատեցինք պետական կայքերի ցուցանիշների բարելավում` ի տարբերություն նախորդ դիտարկման: Հետազոտությունն իրականացվել է 177 չափանիշներով, որից 150-ը` բովանդակային, 27-ը` տեխնիկական»,- տեղեկացրեց նա` հավելելով, որ ուսումնասիրվել են պետական մարմինների 38 կայքեր:
Դրանք, ըստ Մելիքյանի, պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի` ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների կայքեր, 2-րդը մարզերի պաշտոնական կայքերն են, 3-րդ խումբը` ՀՀ նախագահի, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի և ՀՀ դատախազության կայքերը:
Ա. Մելիքյանի խոսքով` նախորդ հետազոտված 23 կայքերից 18-ի մոտ նկատվել է բարելավում, առանձին հերթին «շեշտակի բարելավում» է նկատվել տարածքային կառավարման նախարարության, արդարադատության նախարարության, արտգործնախարարության կայքերում:
Ի տարբերություն նախորդ հետազոտության`առաջատարն այս անգամ դարձել է տարածքային կառավարության նախարարությունը, որը հիմնովին փոփոխել է իր կայքը:
Նախարարություններից ամենավատ վիճակում գտնվող կայքը մշակույթի նախարարությանն է:
«Այն գտնվում է խղճուկ վիճակում»,- նկատեց նա` ընդգծելով, որ այնտեղ ինֆորմացիան այնքան խառն է ու խրթին, որ երբեմն անհնար է կողմնորոշվել ու մի տեղեկություն ստանալու համար պետք է մի քանի պորտալ բացել: